Հարկադիր աշխատանքը միլիարդավոր եկամուտներ է բերում. Աշխատանքի միջազգային կազմակերպություն
Ստրկական աշխատանքով այսօր ստիպված է զբաղվել երկրագնդի ավելի քան 20 միլիոն բնակիչ, ահազանգում է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, գրում է Deutsche Welle-ն:
Ողջ աշխարհում հարկադիր աշխատանքի անօրինական օգտագործումից ընդհանուր եկամուտը տարեկան 150 միլիարդ դոլար է: Այդ թվի մոտ երկու երրորդը՝ 99 միլիարդ դոլար, ստացվում է մարդկանց սեռական շահագործումից։ Այդպիսին են ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության անցկացրած հետազոտության տվյալները: Դրանք հրապարակվել են Ժնևում մայիսի 20-ին:
Առավել շատ հարկադիր աշխատանքը տարածված է Ասիայում, ընդ որում՝ «զոհերի» թվում շատ բարձր է նրանց մասը, որոնց շահագործում են սեքս-արդյունաբերությունում: Ասիային հաջորդում է Լատինական Ամերիկան, Հարավային Եվրոպան և հետխորհրդային տարածքը: Ընդ որում՝ հարկադիր աշխատանքը բավական լայնորեն կիրառվում է նաև արդյունաբերական զարգացած երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում, ասված է կազմակերպության զեկույցում։










