Ադրբեջանցին սպանել է ռուս ընկերուհուն. ՌԴ-ում ադրբեջանցիների դեմ բողոքի նոր ալիք է հասունանում

13:26 • 20.05.14

Ադրբեջանցի Օրհան Զեյնալովից հետո (մեղադրվում է Մոսկվայում Եգոր Շչերբակովի աղմկահարույց սպանության համար), մեկ այլ ադրբեջանցի ևս ոտքի է հանել ողջ Ռուսաստանը, գրում է haqqin.az-ը։


Ադրբեջանցի Մաարիֆ Մամեդովը դաժանաբար սպանել է նախկին ընկերուհուն՝ Յուլյա Պախտեևային։
 

Առաջին իսկ օրը Խանտի Մանսիյսկի Յուգրա քաղաքի բնակիչները, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը, պահանջել են հրապարակայնորեն մահապատժի ենթարկել նրան, սակայն ոստիկանությունը ձերբակալել է Մամեդովին՝ փրկելով նրան հաշվեհարդարից։

 

Չնայած սպանության օրվանից արդեն 4 օր է անցել, Խանտի Մանսիյսկում հանրությունը պահանջում է բոլոր ադրբեջանցիներին վտարել շրջանից, իսկ ծայրահեղական խմբավորումները սպառնում են ադրբեջանական ջարդեր իրականացնել։

 

Յուլյայի մեծ եղբայրը պատմել է քրոջ և Մամեդովի չարաբաստիկ ծանոթության մասին։


«Դա մոտ կես տարի առաջ էր։ Քույրս իր մեքենան ուներ, որը ես էի նվիրել։ Մեքենայի հետ ինչ-որ բան է տեղի ունեցել, և նա գնացել է նորոգելու «Լուկոշկո» շուկայի տարածքում, որտեղ աշխատում է տղան։ Այդ արհեստանոցը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանել է նրա քեռուն։ Այնտեղ էլ ծանոթացել են և որոշ ժամանակ շփվել։ Ես և մայրս այդ մասին ոչինչ չենք իմացել։ Այդ մարդու գոյության մասին լսել ենք մեկ ամիս առաջ, երբ քույրս նրան կտրականապես ասել էր, որ շփվելու ցանկություն չունի։ Ես չգիտեմ՝ նրանք հանդիպե՞լ են, կապի մեջ եղե՞լ են, սակայն գիտեմ, որ քույրս ցանկացել է դադարեցնել այդ շփումը»,-պատմել է Մաքսիմը։

 

Դրանից հետո սկսվել են սպառնալիքները, և եղբայրը քրոջը հետևել և պաշտպանել է ամեն տեղ։ Դիմել են նաև քննչական կոմիտե, սակայն ադրբեջանցուն չեն ձերբակալել։

 

Քրոջ սպանության պահին տղան ֆուտբոլ նայելիս է եղել։ Զանգահարել է մայրն ու տեղեկացրել դեպքի մասին։ Մինչ տուն հասնելը՝ քույրը մահացած է եղել։ Նրա մարմնի վրա դանակի հարվածի 5 տեղ է եղել։

 

Այժմ Մամեդովը պնդում է, թե Յուլյային սպանել է, քանի որ վերջինս հղի է եղել և դիմել է հղիության արհեստական ընդհատման։


«Մամեդովն այժմ ցուցմունք է տալիս, որ քույրս սպանել է իր երեխային։ Սակայն քույրս հղի չի եղել։ Ես անձամբ են նրան բժշկի տարել, և տեսել ենք տեղեկանքն այն մասին, որ նա հղի չի եղել, դա հորինվածք է»,-ասում է տղան։