Հալեպում օրեր առաջ վիրավորված հայը մահացել է
Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասում մայիսի 17-ին պայթած հրթիռի հետևանքով վիրավորված Նվարդ Մարգեյանը հիվանդանոցում մահացել է. տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:
Նվարդ Մարգեյանը նույն օրը փլատակների տակ մնալով զոհված Հարութ Մարգեյանի մայրն է:
Կնոջ հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր առավոտյան՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցուց:
Հաղորդվում է, որ երեկ իրավիճակը լարված է եղել Նոր գյուղում: Զինյալների կողմից արձակված արկերն ու գազի բալոնով պատրաստված ինքնաշեն հրթիռները Նոր գյուղում մարդկային և նյութական մեծ վնասների պատճառ են դարձել:
Սիրիայի կառավարական բանակը կարողացել է կրկին իր վերահսկողության տակ վերցնել «Խանասեր» տանող ճանապարհը, որն անցնող շաբաթների ընթացքում փակված էր: Այդպիսով Հալեպի ելքն ու մուտքը բացվել է:










