ԱՄՆ-ում ավտովթարի է ենթարկվել շուրջ 20 մլն մեղու տեղափոխող բեռնատարը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Դելավեր նահանգի Նյուարկ քաղաքից ոչ հեռու գտնվող ավտոճանապարհին կողաշրջվել է 20 միլիոն մեղու տեղափոխող բեռնատարը, ինչի հետևանքով ոստիկանությունը ստիպված է եղել փակել ճանապարհը, գրում է Russia Today-ը:
Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բեռնատար մեքենան տեղափոխում էր 460 փեթակ: Ոստիկանության տվյալներով՝ ավտովթարը տեղի է ունեցել Ֆլորիդայի նահանգից Մեն տանող ճանապարհի հատվածում: Բեռնատարը կողաշրջվել է, ինչի հետևանքով մոտ 20 միլիոն մեղու ազատության մեջ է հայտնվել:
Մեղուների խայթոցներից տուժել են վարորդը և երկու ուղևոր, նրանք հոսպիտալացվել են, ինչպես նաև վթարի վայրի մոտակայքում գտնվող մի քանի մարդ: Դեպքի վայր են ժամանել մեղուների հետ աշխատանքի մասնագետներ: Մեղուներին հանգստացնելու համար նրանք ջուր են ցանել ավտոմեքենայի և դրան հարող տարածքի վրա:


















