Մարզահամերգային համալիրի հետագա ճակատագիրը կախված կլինի նոր սեփականատիրոջից ու պետության վերահսկողությունից

09:03 • 21.05.14

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվանումը, ինչպես նաև դրա օգտագործման ուղղվածությունը չի փոխվելու: Հենց այս պայմանով է 2005թ-ի մարզահամերգային համալիրը մասնավորեցվել «ԲԱՄՕ» ընկերության կողմից և ամրագրվել Կառավարության 2005 թ. օգոստոսի 25-ի թիվ 1321-Ն որոշման մեջ: Ներկայումս աճուրդի հանված մարզահամերգային համալիրը կրկին պետք է վաճառվի հենց այս պայմանագրի հիման վրա:


Հիշեցնենք, որ «ԲԱՄՕ» ընկերությունը 2005թ-ին Մարզահամերգային համալիրը սեփականաշնորհել է 5 մլն 700 հազ. ԱՄՆ դոլարի դիմաց: Այժմ համալիրը հանվել է աճուրդի՝ 19 350 100 000 ՀՀ դրամ նախնական արժեքով, ինչի մասին հայտարարություն է տեղադրված ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքում։


Պետական գույքի կառավարման վարչության լրատվական ծառայությունից Tert.am-ին տեղեկացրին, որ պատմամշակութային հուշարձանների շարքում գտնվող այս կառույցը սեփականաշնորհվել է տիպային պայմանագրի համաձայն, ինչը ենթադրում է, որ սեփականատերը չի կարող փոփոխություններ անել նրա արտաքին տեսքի վրա և փոխել նշանակությունը:


Նաև տիպային պայմանագրի առկայության դեպքում կառույցի բոլոր սեփականատերերի վրա տարածվում են միևնույն պարտավորությունները, ցանկացած փոփոխություն կարող է կատարվել միայն Պետական գույքի կառավարման վարչության համաձայնությամբ, բայց մինչ օրս որևէ մեկը վարչություն չի դիմել:


Tert.am-ի հետ զրույցում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ընդգծեց, որ որևէ մտավախություն չի կարող առաջանալ այն հարցում, որ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի: Նա ևս նշեց, որ կառույցը պետք է վաճառվի այն նույն կարգով, ինչ 2005թ-ին:


«Ներկայիս սեփականատերը երևի ռեսուրս չունի պահելու, սա աշխարհում ընդունված ձև է, եթե չի կարողանում պահել, շենքը հանում է աճուրդի, բայց նույն պայմաններով ինչ ստացել է պետությունից՝ ոտնձգություններ չլինեն շենքի արտաքինի նկատմամբ ու նրա կերպարի վրա: Այդպես են բոլոր շենքերը»,- ասաց նա:


Մկրտիչ Մինասյանը պատասխանելով հարցին, թե վտանգ չկա՞, որ այն կարժանանա Երևանի Ծածկած (Փակ) շուկայի ճակատագրին, պատասխանեց. «Ամեն ինչ կախված է նոր սեփականատիրոջից և պետության վերահսկողությունից: Ծածկած շուկան, իհարկե, վերք առաջացրեց բոլորիս մոտ, բայց կա նաև մեկ այլ դեպք՝ Կասկադը, որը սեփականատերը դարձրեց ավելի լավը»,-ասաց նա:


Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իր հերթին ևս ընդգծեց, որ ամեն ինչ կախված է սեփականատիրոջից և պետության վերահսկողությունից:


«Հիմնական խնդիրը նրանում է, որ ՀՀ-ում «Հուշարձանների պահպանության մասին» օրենքով սահմանված գործառույթները իրականում չեն կատարվում: Ցանկացած հուշարձան, որը սեփականատեր ունի, պարտավոր է պետության հետ կնքել այդ հուշարձանը պահպանելու պարտավորագիր, որտեղ մանրամասն գրված կլինի, թե ինքն ինչ կարող է անել այդ հուշարձանի հետ: Եթե սեփականաշնորհողը անշնորք մարդ եղավ, կլինի «Ծածկած» շուկայի պատմությունը, եթե Գաֆէսճեանի նման մարդ եղավ, ով Կասկադը տեսեք ինչ դարձրեց, լավ կլինի: Եթե ասենք առավ Սամվել Ալեքսանյանը, ի՞նչ եք սպասում, ի՞նչ կանի, կդարձնի սուպերմարկետ, հետո էլ կասի՝ ինձ էդպես էին ասել»,-ասաց նա: