Իրանում 6 մարդ է ձերբակալվել հանրահայտ Happy երգի սեփական տեսահոլովակը նկարահանելու համար (տեսանյութ)
Իրանցի ոստիկանները ձերբակալել են 6 մարդու, որոնք մեղադրվում են ամերիկյան հայտնի երգիչ Ֆարել Ուիլյամսի Happy մեգահիթի սեփական տարբերակը նկարահանելու ու YouTube կայքում ներբեռնելու համար։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, տեսահոլովակում 3-ական տղամարդ ու կին, որոնք առանց գլխաշորի են, երգում և պարում են Թեհրանի փողոցներում։
Թեհրանի ոստիկանապետ Հոսեյն Սաջեդինիան նշել է, որ վուլգար տեսահոլովակը, որը տարածվել է համացանցում, վիրավորում է իրանցի հասարակության բարոյականությունը, ուստի ոստիկանությունը որոշել է ձերբակալել դրա ստեղծման մասնակիցներին։ ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ձերբակալվածներն արդեն ընդունել են իրենց «մեղքը»։
Իրանցի պահպանողականների կարծիքով՝ այս միջադեպն այն բանի վառ ապացույցն է, որ շատ երիտասարդ իրանցիներ հրաժարվում են իսլամական արժեքներից՝ նախընտրելով արևմտյան կենսակերպը։
Այս միջադեպին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև Ֆարել Ուիլյամսը, ում խոսքով՝ շատ ցավալի է, որ այդ մարդկանց ձերբակալել են ընդամենը երջանկություն տարածելու փորձի համար։










