Նիգերիայում 2 պայթյունի հետևանքով առնվազն 118 մարդ է զոհվել (լուսանկարներ)
Նիգերիայի իշխանությունների փոխանցմամբ՝ Ջոս քաղաքի ավտոկայանում և շուկայում տեղի ունեցած պայթյունները խլել են առնվազն 118 մարդու կյանք, հայտնում է Al Arabiya-ն։
Թեև ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս որևէ մեկը չի ստանձնել, այնուհանդերձ ենթադրվում է, որ դրա հետևում կանգնած է «Բոկո Հարամ» իսլամիստական ծայրահեղական խմբավորումը։
Հաղորդվում է, որ հզոր պայթյուններին հաջորդել են հրդեհները, որոնք դեռևս չի հաջողվել մարել։
Աղբյուրը մանրամասնում է, որ Ջոս քաղաքում շատ լարված իրավիճակ է տեղի քրիստոնյա և մուսուլման բնակիչների միջև, ինչը հաճախ դառնում է կրոնական բռնության պատճառ։
Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանը դատապարտել է 2 պայթյունի իրականացումը՝ հիշեցնելով, որ ինքը պարտավորվել է հաղթանակ տանել ահաբեկչության դեմ պայքարում։



















