Google-ն այսուհետ աշխարհին կհետևի տեսաարբանյակների օգնությամբ (շարժանկար)
Google ընկերությունը, 500 մլն դոլարով ձեռք բերելով աշխարհում առաջին արբանյակային տեսավերահսկողության համակարգ մշակող Skybox Imaging ընկերությունը, մտադիր է տեսաարբանյակների օգնությամբ հետևել աշխարհին:
Ինչպես գրում է Rbc.ru-ն` Skybox Imaging-ն իր առաջ նպատակ է դրել տեխնոլոգիա ստեղծել, որի օգնությամբ հնարավոր կլիներ իրական ժամանակում հետևել աշխարհի ամենօրյա ակտիվությանը:
SkySat-1 միկորարբանյակից ստացված տեսագրությունները շատ համոզիչ են թվում և ապացուցում են, որ այս համակարգը առավել քան կենսունակ է:
Տեղանքի ընդհանուր դիտարկումից բացի` արբանյակները կարող են հատուկ տեղեկություններ տրամադրել, ինչպես օրինակ` տրանսպորտի տեղաշարժման արագությունը և ճանապարհային երթևեկության իրավիճակը: Այս առումով SkyBox-ը շատ օգտակար կլինի փրկարարների, հրշեջների և իրավապահ մարմինների համար, քանի որ այն հնարավորություն կտա իրական ժամանակում գնահատել իրավիճակը քաղաքի այս կամ այն շրջանում` առանց աշխատախումբ ուղարկելու այնտեղ:
Խնդիրն այն է, որ արբանյակի արձակումը տիեզերք բավականին թանկ և ռիսկային գործ է: Այժմ ծրագրավորողների գերակա խնդիրներից է` ժամանակակից արբանյակ ստեղծել, որը կկարողանա HD նկարահանումներ անել և միաժամանակ խելամիտ արժեք կունենա: SkySat-1-ը ուղեծիր է ուղարկվել նոյեմբերի 21-ին:












