Audi-ն էլեկտրական մեքենաների սերիա կթողարկի
Audi ընկերությունը մտադիր է սերիական թողարկման ներկայացնել էլեկտրական մոդելների ընտանիքը, որոնց շարքում կհայտնվեն հզոր սեդաններն ու արտաճանապարհայինները: Այս մասին հայտնում է Moror.ru-ն՝ Reuters-ին հղումով, որն էլ մեջբերում է գերմանական ավտոարտադրողի ներքին աղբյուրներից մեկին:
Audi ընկերությունում կարծում են, որ ապրանքանիշի յուրաքանչյուր ապագա էլեկտրամեքենա կկարողանա 400 կմ երթևեկել առանց վերալիցքավորման: Համեմատության համար նշվում է, որ R8 e-tron էլեկտրական սուպերքարի պահեստային հզորությունը, որը հասանելի կլինի հաջորդ տարի, կազմում է 450 կմ, իսկ Tesla Model S սեդանը, որի հետ կմրցակցի Audi-ի սպասվելիք նորույթներից մեկը, մեկ լիցքավորումով անցնում է 480 կմ տարածք:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Audi ընկերությունը մտադիր է նաև մեքենա ստեղծել, որը կմրցակցի Tesla Model X էլեկտրական քրոսովերի հետ: Նման մոդիֆիկացում կստանա Q8 մոդելը, որը ապրանքանիշի ամենամեծ արտաճանապարհայինն է, որը կոչված է BMW X6-ի, Range Rover Sport-ի և Mercedes-Benz MLC-ի գնորդներին ներգրավելու համար:










