Անցած ամիսն ամենաշոգ մայիսն է եղել Երկիր մոլորակի համար
ԱՄՆ-ի Օվկիանոսային ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը զեկույց է ներկայացրել, ըստ որի անցած ամիսն ամենաշոգ մայիսն է եղել Երկիր մոլորակի համար։
Ինչպես հայտնում է USA Today-ը, նույնպիսի եզրահանգման են հանգել նաև ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, ու Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Ըստ մասնագետների՝ արտասովոր շոգը պայմանավորված է եղել համաշխարհային օվկիանոսի ջրերի ջերմաստիճանի բարձրացմամբ։
«Աշխարհի երկրների մեծ մասում արձանագրվել է միջինից անհամեմատ ավելի տաք մայիս։ Անցած ամիսը ռեկորդային տաք է եղել Ղազախստանում, Ինդոնեզիայում ու Ավստրալիայի հյուսիս-արևմտյան հատվածում»,-նշել են մասնագետներն իրենց զեկույցում։
Մայիս ամսին մոլորակի ընդհանուր միջին ջերմաստիճանը եղել է 59.93 աստիճան՝ ըստ Ֆարենհեյթի սանդղակի։ Դա 1.33 աստիճանով ավելի է 20-րդ դարի ամենաշոգ մայիս ամսվա ցուցանիշից։










