Twitter-ը չի արգելափակի հաշիվները Ռուսաստանի դիմումով

13:40 • 24.06.14

Twitter-ը հերքել է ավելի վաղ հայտնված ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովի հայտարարություններն այն մասին, թե սոցցանցն արգելափակելու է օգտատերերի հաշիվները ռուսական իշխանությունների դիմումով, գրում է korrespondent.net-ը:

 

«Ռուսական կողմի հետ կապ ենք հաստատել, բայց չենք համաձայնել հաշիվներն արգելափակելու շուրջ»,- նշվում է երկուշաբթի երեկոյան ընկերության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

 

Սոցիալական ցանցի ներկայացուցիչներն այս շաբաթ կշարունակեն «ՌԴ կառավարության, քաղաքացիական հասարակության և ռուսական համացանցի ոլորտի մյուս մասնակիցների հետ խորհրդակցությունները», հավելել են Twitter-ում:

 

Ինչպես գրում է ամերիկյան Buzzfeed-ը՝ վկայակոչելով Twitter-ի պաշտոնական ներկայացուցչին, սոցցանցը նաև չի պատրաստվում հատուկ ներկայացուցիչ վարձել Դուբլինում, ով կվերահսկի օգտատերերի կողմից ռուսական օրենսդրության պահպանումը:

 

Ռուսական տեղեկատվական գործակալությունները երկուշաբթի հայտնել էին, որ «Ռոսկոմնադզորի» ղեկավարն ասել է, թե սոցցանցը համաձայնել է փակել ռուս օգտատերերի մուտքը 12 հաշիվներ, որոնց «պարունակությունը ծայրահեղական է ճանաչվել ՌԴ գլխավոր դատախազության որոշմամբ»: Ժարովը նշել էր, որ արգելափակման ենթակա էջերից մեկն ուկրաինական «Պրավիյ սեկտոր» կազմակերպության Twitter-ի էջն է։

Twitter-ը չի արգելափակի հաշիվները Ռուսաստանի դիմումով