Որքան ժամանակ է պետք աշխատել տարբեր երկրներում iPhone 5S գնելու համար
iPhone սմարթֆոնը ցանկալի սարք է շատերի համար, սակայն դա ոչ բոլորին է հասու՝ գնի պատճառով։ Այնուամենայնիվ, Apple-ի արտադրանքի վաճառքի աշխարհագրությունն ընդգրկում է գրեթե ամբողջ աշխարհը։ Սակայն որքա՞ն են ստիպված աշխատել տարբեր երկրներում, որպեսզի ձեռք բերեն ցանկալի սարքը։ Business Insider պարբերականը հետաքրքիր ուսումնասիրություն է անցկացրել այս թեմայի շուրջ, ներկայացնում է iphones.ru-ն։
Տվյալներ ստանալու համար Business Insider-ը հաշվի է առել գործարանների աշխատակիցների միջին աշխատավարձը և համեմատել այն 16 Գբ հիշողությամբ iPhone 5S-ի արժեքի հետ։ Արդյունքները բավականին հետաքրքիր են ստացվել, սակայն ընդհանուր առմամբ արտացոլում են տարբեր երկրներում տնտեսական վիճակը։
iPhone 5S գնելու համար ամենաքիչը պետք է աշխատեն Ավստրալիայում և Շվեյցարիայում։ Ընդամենը 23 ժամ աշխատելուց հետո կարելի է ուղևորվել խանութ նոր սարք գնելու համար։ 4 ժամով ավել պետք է աշխատեն Դանիայում։ Նշված երկրներում աշխատավարձը գերազանցում է մեկ ժամում 30 դոլարը։
ԱՄՆ-ում ֆաբրիկայի աշխատավորը ստանում է մոտ 24 դոլար մեկ ժամի համար և ստիպված է աշխատել 30 ժամ՝ նոր iPhone 5S գնելու համար։
Բրազիլիայում մեկ ժամվա աշխատավարձը 5.95 դոլար է, և պահանջվում է ավելի քան 200 ժամ՝ սմարթֆոն գնելու համար։ Ավելի վատ է իրավիճակը Չինաստանում, որտեղ հավաքվում են iPhone-ները։ Մեկ ժամում 1.74 դոլար աշխատելով՝ կպահանջվի 499 ժամ iPhone գնելու համար։
100 ժամից ավել կպահանջվի աշխատել նաև Հունգարիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում և Չեխիայում։










