Գուդվուդի փառատոնում ներկայացվել է պատմության մեջ ամենաարագընթաց Jaguar-ը (լուսանկարներ)

12:34 • 29.06.14

Բրիտանիայում անցկացվող Գուդվուդի արագության փառատոնի պրեմիերաներից մեկն է դարձել Jaguar F-Type Project 7 սուպերռոդսթերը, որը մտադիր են սերիական արտադրության հանձնել: Նորագույն մոդելը կարտադրվի ընդամենը 250 օրինակով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կկազմի 230 000 դոլար:
 

Ինչպես գրում է Rbc.ru-ն՝ նոր Jaguar F-Type Project 7 ռոդսթերն ստեղծվել է նույնանուն նախատիպի հիման վրա, որը ներկայացվել էր դեռևս նախորդ տարի: Սերիական տարբերակը կյանքի են կոչել Jaguar Special Vehicle Operations ստորաբաժանման աշխատակիցները, ովքեր էլ կզբաղվեն մոդելի հետագա թողարկմամբ: Ինչպես նշվում է՝ նրանք նաև անհատական պատվերներ կկատարեն։


Jaguar F-Type Project 7-ը զինված է 5 լիտր ծավալով 8 մխոցային շարժիչով և ներկա պահին համարվում է ամենահզոր մեքենան բրենդի պատմության ընթացքում: Նորագույն մոդելի շարժիչի հզորությունը կազմում է 575 ձիաուժ, մինչդեռ «գերհզոր» F-Type V8 S կաբրիոլետի հզորությունը կազմում է 495 ձիաուժ: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 3.9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 300 կմ/ժամ:


Մեքենայի ղեկը պատրաստված է ալկանտարայով կամ, ըստ հաճախորդի ցանկության, կարող է պատվել կաշվով: Project 7-ը հասանելի կլինի 5 գույնով՝ կարմիր, կապույտ և կանաչ՝ համալրված սպիտակ դեկորատիվ գծերով ու շրջանակներով:


 

 


 

Գուդվուդի փառատոնում ներկայացվել է պատմության մեջ ամենաարագընթաց Jaguar-ը (լուսանկարներ)