Facebook-ի ներկայացուցիչը ներողություն է խնդրել օգտատերերին առանց նրանց իմացության գիտափորձի ենթարկելու համար
Facebook սոցիալական ցանցի ներկայացուցիչ Ադամ Կրամերը ներողություն է խնդրել օգտատերերի լրահոսների փոփոխության հետ կապված գիտափորձի համար, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Bloomberg տեղեկատվական գործակալությանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սոցցանցը քննադատության է արժանացել առանց օգտատերերի գիտության նրանց հոգեբանական գիտափորձի ենթարկելու համար։
2012 թվականի հունվարին Կրամերի մասնակցությամբ հետազոտական խումբը փորձ է անցկացրել մոտ 700 հազար անգլալեզու օգտատերերի շրջանում՝ նրանց տրամադրության վրա ազդեցությունների բացահայտման նպատակով: Փորձի ժամանակ հետազոտողներն օգտատերերի մի մասի լրահոսից հեռացրել են բացասական հրապարակումները, իսկ մյուս մասի լրահոսից՝ դրականները:
Գիտափորձի ժամանակ Facebook-ում եզրակացության են եկել, որ մարդիկ, որոնց լրահոսից հեռացվել են դրական հաղորդագրությունները, իրենք տեղադրել են մեծ քանակությամբ բացասական հրապարակումներ և մեկնաբանություններ: Այն դեպքում, երբ հեռացվել են բացասական հրապարակումները, դիտարկվել է հակառակ արձագանքը:
Փորձի վրա աշխատել են ցանցի աշխատակիցներ Ադամ Կրամարը, Ջեֆրի Հենկոկը՝ Քորնուելի համալսարանից, ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուցիչները։










