Արևային էներգիան հեռատես ներդրողների համար թանկ հաճույք չէ. Արթին Մելիքյան

08:51 • 02.07.14

Հայաստանում այլընտրանքային էներգիա արտադրող ընկերություններից մեկի ղեկավար Արթին Մելիքյանը, խոսելով այլընտրանքային էներգիայի համակարգին անցնելու համար պետական աջակցության հնարավորության մասին, նկատեց, որ հազիվ թե իշխանությունները գնան գազ և հոսանք վաճառող ռուսական ընկերություններին նեղացնելու ճանապարհով: Արթին Մելիքյանի խոսքով՝ այդ համակարգի ներդրումը իրեն 6 -7 տարի հետո ամբողջությամբ արդարացնում է: «Այսինքն՝ հաշվի առնելով գազի ու հոսանքի թանկացումը, ինքը, կարելի ասել, 6-7 տարի հետո ներդրումը հետ է բերելու՝ գազի տարեկան 16-17 տոկոս թանկացման դեպքում»,-ասաց Արթին Մելիքյանը:

 

-Պարո՛ն Մելիքյան որպես «Սոլարթ» ՓԲԸ-ի տնօրեն, կարո՞ղ եք ասել՝ պրակտիկ կիրառման տեսանկյունից որքանո՞վ է ջեռուցման այս այլընտրանքային տարբերակը կիրառություն գտնում Հայաստանում, որովհետև որքանով ես եմ տեղյակ՝ սա թանկ հաճույք է:

 
-Թանկ ասելով՝ հարաբերական է, և կարծում եմ՝ հեռատես հաճախորդների համար դա թանկ հաճույք չէ: Թանկը շատ հարաբերական է՝ հաշվի առնելով գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը և այն բոլոր ռիսկերը, որ մենք էներգետիկ ներմուծող ենք, չեմ կարծում, որ հեռատես հաճախորդների համար դա թանկ հաճույք է: Եվ վերջին շրջանում և՛ անհատների, և՛ բիզնեսի կողմից բավականին պատվերների առկայությունը ու դրանց ավելացումը հենց իմ ասածն է վկայում:

 
- Այսուհանդերձ, որքան հասկացա՝ դիպվածային պատվերներ են, սակայն ավելի համակարգային ձևով, օրինակ՝ պետական պատվերների մակարդակով այլընտրանքային էներգիային անցնելը որքանո՞վ եք իրատեսական համարում:


 
-Չեմ կարծում՝ պետական որևէ աջակցություն կլինի, որովհետև չեմ կարծում, որ Հայաստանում պետական մարմիններն այդ կամքը կունենան՝ լինելով գազամատակարարի ու էլեկտրաէներգիա արտադրողի կողմից ճնշման տակ: Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իրենք Ռուսաստանից գազ են ներմուծում և ցանցերով էլեկտրաէներգիա բաշխում. նրանք չեն կարողանա նեղացնել իրենց ռազմավարական պարտնյորին: Այսինքն՝ կա մեծ եղբորը չանհանգստացնելու խնդիր:Եվ առաջին պատասխանը, որ տալիս են, այն է, որ բարդ տեխնոլոգիա է, ոչ մի տեխնոլոգիա էլ էժան չի եղել սկզբում, ո՛չ Ատոմակայանը, ո՛չ էլ ՀԷԿ-երը։ Պետք է ներդրում արվի, որ էժանանա, իսկ ներդրում անելու համար կամք է պետք:

 
-Ձեր կարծիքով ՝ պետությունն այս պայմաններում ի՞նչ կարող է անել արևային, քամու՝ այլընտրանքային էներգիայի ոլորտի ընկերություններին աջակցելու, քարտ բլանշ տալու հարցում:

 

-Ես կրկնում եմ՝ չեմ կարծում, որ պետությունն ինչ-որ բան կանի, որովհետև այն հիմնավորումները, որ Ատոմակայանը կանգնած է եղել և այլն, իմ կարծիքով՝ որևէ պատճառաբանում չէ: Մեր հաշվարկներով՝ մոտակա 10-15 տարում Հայաստանում նման համակարգ չի ներդրվի, և այս պայմաններում սեփականատերերն ու անհատներն իրենք պետք է կարողանան ինչ-որ բան փորձել:



-Բայց մյուս կողմից, թե ինքներդ եք խոստովանում, որ Ձեր արտադրանքը թանկ է, չնայած այն հետագայում ետ է բերում իր ծախսերը, ինչպես ամեն թանկ ապարատուրա ու սարքավորում, գուցե այստեղ կա՞ն օբյեկտիվ հիմքեր, որ պետական նման աջակցություն չկա այլընտրանքային էներգիա արտադրող ընկերությունների նկատմամբ: Կարո՞ղ եք կոնկրետ ասել՝ նման դեպքում պետությունն ի՞նչ կարող է անել:

 

- Կարող եմ բերել մեր հարևան Իրանի օրինակը, որը նման արտադրություն հիմնելու ներմուծման հարկերը զրոյացրել է: Մի օրինակ բերեմ՝ Հայաստանում արևային մարտկոցները, որ մինչև երեք տարի առաջ զրոյական հարկով էին ներմուծվում՝ էներգետիկ բարեփոխումների շրջանակում, երկու տարի առաջ դրանց վրա ավելացավ 20 տոկոս ավելացրած արժեքի հարկ: Այսինքն՝ դրանով արդեն 20 տոկոս թանկացավ գինը: Միակ բանը, որ կարող է պետությունը անել, այն է, որ ներմուծվող հարկերը իջեցնի, և երկրորդ բանը, որ կարող է անել, նմանատիպ ընկերություններին արտոնություններ տալն է շահութահարկի մասով: Այսինքն՝ էժանացնել հարկերը կամ հարկերից ազատել:
 

 
-Այնուամենայնիվ, օրինակ արևային էներգիայով ինչպե՞ս է հնարավոր հոգալ բոլոր պահանջները և ինչքա՞ն գումարի շրջանակներում:

 

-Ներդրումը մեկ փոքր բնակարանի ջեռուցման ու 90 տոկոսով՝ տաք ջրի ու կենցաղային կարիքների ապահովման համար մոտ 1,5 մլն դրամից սկսում է, որով կխնայվի մինչ 40-50 տոկոս գազ: Այսինքն՝ հաշվի առնելով գազի ու հոսանքի թանկացումը, ինքը, կարելի ասել, 6-7 տարի հետո հետ է բերելու իր ներդրումը՝ գազի տարեկան 16-17 տոկոս թանկացման դեպքում:

 

-Փոքր էներգետիկան էր ժամանակին համարվում գերակա ճյուղ, սակայն արդյունքում ունեցանք մի վիճակ, երբ փոքր գետերը ցամաքում են, ձուկը՝ վերանում, իսկ արդյունքում միայն հէկատերերն են հարստանում: Լավ չէ՞ր լինի, ըստ Ձեզ, որ այլընտրանքային էներգետիկայի ոլորտը համարվեր գերակա:

 


-ՀԷԿ-ներն էլ հեռանակարային են Հայաստանում, ինչպես աշխարհում բոլոր զարգացած երկրներում, բայց հեռանկարը պետք է լինի կոնկրետ քարտեզային ճանապարհ ու դրա հիման վրա լինի, ոչ թե ինչ-որ պաշտոնյայի կամքով ու ճաշակով: Ինչ վերաբերում է արևայինին՝ Հայաստանը միանշանակ պոտենցիալ ունի, որովհետև մի կողմից, ցավոք սրտի, մենք գործարաններ չունենք, այսինքն՝ մեր հոսանքի ծախսը չի մեծանում, մեր ծախսը կենցաղային է. այդ պարագայում կարելի է գնալ այն ճանապարհով, որով որ Գերմանիան է գնացել: Տների վրա են այդ մարտկոցները տեղադրված և ամեն մի տուն, ինքը փոքր կայան է, ու բացի իր ծախսերը, ինքը կարողանում է նաև կողքի տներին էլ տալ հոսանք: Այսինքն՝ այդպիսի համակարգը շատ բարդ էլ չի: Եվ Գերմանիայում երկրի 50 տոկոս հոսանքը արտադրվում է այդ պայմաններում:

 
-Այն էլ Գերմանիայի պայմաններում, որտեղ այդքան արև չկա, որքան Հայաստանում:

 

-Գերմանիան մեր արևի մոտավորապես 40 տոկոսն ունի՝ տարվա կտրվածքով, թե՛ ռադիացիայի, թե՛ օրերի քանակի տեսակետից:

 

 

 


 

 

Արևային էներգիան հեռատես ներդրողների համար թանկ հաճույք չէ. Արթին Մելիքյան