Գուդվուդի արագության փառատոնի պրեմիերաները՝ լուսանկարներով

23:21 • 02.07.14

Բրիտանիայի Գուդվուդի արագության ամենամյա փառատոնը հերթական ավտոմոբիլային շոուն չէ բաց երկնքի տակ, այլ հենց Գուդվուդն է հաճախ դառնում մեքենաշինական ոլորտի ամենաարտասովոր, ամենաարագ, ամենահզոր կամ ամենաթանկարժեք նորույթների պրեմիերաների վայրը: Motor.ru-ն ներկայացրել է հունիսի վերջին հանգստյան օրերին կայացած փառատոնի հնչեղ պրեմիերաները:


Bentley Continental GT3


Bentley Continental GT3 մրցարշավային մոդելի ներկայացմանը Գուդվուդում հետևել է նույն մոդելի «քաղաքային» տարբերակի՝ Continental GT3-R-ի դեբյուտը: Մեքենան ո′չ միայն դարձել է ապրանքանիշի պատմության ամենաթանկարժեք մոդելը, այլև՝ ամենաշքեղը Gran Turismo դասում: Նորույթի սրահը պատված է Beluga սև կաշվով և ալկանտարայով: Մոդելը համալրվել է 8 մխոցային ածխածնակերամիկական արգելակներով: Bentley Continental GT3-R-ի կապոտի ներքո տեղադրված է 4 լիտր ծավալով V8 շարժիչը, որը զարգացնում է 580 ձիաուժ հզորություն: 100 կմ/ժամ արագությունը այն զարգացնում է 3.8 վայրկյանում: Բրիտանացիները կներկայացնեն 300 մեքենա, որոնցից յուրաքանչյուրը կարժենա 200 հազար ֆունտ ստերլինգ:

 

 

F-Type Project 7


F-Type Project 7-ն ապացույցն է այն բանի, որ ինժեներներին շատ ժամանակ պետք չէ կոնցեպտային մոդելն իրական մեքենայի վերածելու համար: Jaguar-ի պատմության ամենահզոր սերիական սպորտքարը շարունակությունն է նախորդ տարի Գուդվուդում ներկայացված նույնանուն նախատիպի: Նորույթը համալրվել է 5 լիտր ծավալով 8 մխոցային շարժիչով, որը զարգացնում է 575 ձիաուժ հզորություն և աշխատում է ZF 8 աստիճան փոխանցման տուփի հետ համադրությամբ: Հզոր շարժիչի շնորհիվ F-Type Project 7-ը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 3.9 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է 300 կմ/ժամ: Կպատրստվի 250 ռոդսեր, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կկազմի 135 հազար ֆունտ ստերլինգ:

 


Range Rover Sport SVR


Land Rover-ի պատմության մեջ ամենահզոր Range Rover Sport SVR մոդելը զինվել է 550 ձիաուժ հզորություն զարգացնող V8 շարժիչով: Այն ստեղծել են Jaguar Land Rover խմբի՝ վերջերս բացված Special Vehicle Operations ստորաբաժանման մասնագետները, ովքեր զբաղվում են անհատական մոդելների ստեղծմամբ: Ակնկալվում է, որ Range Rover Sport SVR-ը 100 կմ/ժամ արագությանը կհասնի 4.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 265 կմ/ժամ:

 

 

McLaren 650S


McLaren 650S սուպերքարի մրցարշավային տարբերակը պատրաստել են GT3 կատերգորիայում մրցումներին մասնակցելու համար, որում այն հաջորդ տարվանից կփոխարինի MP4-12C մոդելի նույնօրինակ տարբերակը: Կուպեն համալրվել է անվտանգության նոր, առավել թեթև ու ամուր կարկասով, որի շնորհիվ մեծացել է մրցարշավորդի գլխի և ոտքերի համար նախատեսված տարածքը: Նորույթը զինվել է 3.8 լիտր ծավալով երկտուրբո V8 շարժիչով, ինչպես և քաղաքային տարբերակը, որի հզորությունը, Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի պահանջներին համապատասխան, սահմանափակել են մինչև 500 ձիաուժ: Այն աշխատում է 6 աստիճան հաջորդական փոխանցման տուփով: Կթողարկվի 15 մեքենա, որն, ըստ բրիտանացիների, կգերազանցի նախորդ մրցարշավային մոդելի հաջողությունները:

 


Peugeot 208 GТi


Peugeot ընկերութունը GTi բրենդի 30-ամյա հոբելյանի առթիվ ներկայացրել է ամենահզոր ու ամենարագ սերիական երկդռնանի մեքենան: Թեթև և արագ 205 GТi մոդելը ի հայտ է եկել 1984-ին՝ թնդացնելով եվրոպական շուկան, և մինչ այժմ էլ համարվում է ֆրանսիական մեքենաշինական հսկայի ամենահաջողված «թեժ» մոդելը: Հոբելյանական հոթ-հեթչը զինել են 208 ձիաուժ հզորություն զարգացնող 1.6 լիտր ծավալով շարժիչով: Մեքենան ստացել է 18 դյույմանոց անվահեծեր՝ պատված Michelin սպորտային անվադողերով: 100 կմ/ժամ-ը մեքենան հաղթահարում է 6.5 վայրկյանում:

 


Ford Focus ST


Ford Focus ST-ն դարձել է առաջին «գերհզոր» Focus-ը, որը զինվել է դիզելային շարժիչով: «Ծանր վառելիքով» աշխատող շարժիչների կիրառումն այնքան էլ տարածված չէ «թեժ» քաղաքային հեթչբեքների արտադրողների շրջանում: 2 լիտր ծավալով ագրեգատը, որը ստանդարտ տարբերակում զարգացնում է 150 ձիաուժ հզորություն, այժմ շարժիչի կառավարման վերակառուցված բլոկի շնորհիվ զարգացնում է 185 ձիաուժ: Focus ST-ը նոր շարժիչով 100 կմ/ժամ արագությունը կարող է զարգացնել 8.1 վայկյանում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 217 կմ/ժամ:

 

 


Mercedes-Benz CLS


Այս տարի փառատոնի առաջատարն է դարձել Mercedes-Benz-ը. շտուտգարտյան ընկերությունն ընտրել են ավտոմրցարշավներում գերմանացիների մասնակցության 120-ամյակի առթիվ: Այս առիթով Գուդվուդում 160 տոննա կշռող 26 մետր երկարությամբ հարթակ են տեղադրել, որի վրա ցուցադրել են Mercedes-Benz W25 «Արծաթյա աղեղը», որի ղեկին 1935-ին Ռուդոլֆ Կարաչիոլան դարձել է Եվրոպական մրցարշավային առաջնության հաղթող: Այս տարի Գուդվուդում գերմանացիները ներկայացրել են CLS մոդելի նորացված տարբերակը, որը ներկայանում է գերարագ կառավարվող Multibeam լուսարձակներով: Mercedes-Benz CLS-ը կներկայանա շարժիչների լայն ընտրանիով՝ 170 ձիաուժ հզորությամբ դիզելայինից մինչև 585 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչը, որը նախատեսված է «գերհզոր» AMG տարբերակի համար: Փոխանցման տուփերի շարքը համալրել է 9G-Tronic 9 աստիճան ավտոմատ համակարգը:

 

 

 

 

Գուդվուդի արագության փառատոնի պրեմիերաները՝ լուսանկարներով