Դեպրեսիան մարդու կյանքը փոխում է այնպես, որ նա չի կարողանում ճիշտ որոշումներ կայացնել. կլինիկական հոգեբան
Վիճակագրական բոլոր տվյալները ցույց են տալիս, որ դեպրեսիան դառնում է աշխարհի թիվ մեկ խնդիրը և մեծ վնաս է տալիս աշխարհի զարգացող երկրների տնտեսություններին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ նշելով, թե հաճախ սոցիալական վիճակների հետ են կապում դեպրեսիան, բայց դա այդպես չէ, որովհետև սկանդինավյան երկրներում է ամենամեծ ցուցանիշը, որոնք սոցիալապես ապահովված երկրներ են:
«Դեպրեսիան տրամադրության երկարատև անկումն է, որը դառնում է ամենօրյա խնդիր և խանգարում է կյանքի որակին: Դեպրեսիան խնդիր դառնալու հիմնական պատճառներից մեկը ուրբանիզացիան է, որը բերում է մարդկային կոմունիկացիաների քչացման և որակների նվազեցման: Եթե տարիներ առաջ մարդկային նորմալ շփում կար, հիմա դա դարձել է ավելի համացանցային»,-ասաց հոգեբանը:
Նրա բնութագրմամբ՝ հոգսերը և հոգնածության աստիճանը ևս դեպրեսիայի պատճառ է:
Մասնագետը նշեց, որ դեպրեսիան փոխում է մարդու կյանքն այնպես, որ նա չի կարողանում ճիշտ որոշումներ ընդունել, մարդը սկսում է ինքն իր հանդեպ ունենալ բացասական վերաբերմունք:
Ըստ մասնագետի՝ սրացումը լինում է աշնանը և գարնանը՝ եղանակի փոփոխությամբ պայմանավորված: Ամռանը լինում են լավացումներ, եղանակի տաքացման հետ կապված: Արևի պակասությունը և եղանակի մռայլությունը ևս բերում է դեպրեսիայի:
«Մենք բնության մեջ ենք ապրում, և եթե բնությունը դեպրեսիա է ապրում, մենք նույնպես ապրում ենք այդ դեպրեսիան»,-ասաց Միհրդատ Մադաթյանը:
Նախորդ տարվա տվյալները վկայակոչելով՝ բանախոսն ասաց, թե յուրաքանչյուր երրորդ մարդ իր կյանքում ունեցել է սուր դեպրեսիա:
«Եթե 90-ականներին մոտ 20 տոկոս էր հասնում դեպրեսիայի թիվն աշխարհում, հիմա այն հասել է 60 տոկոսի»,-ասաց կլինիկական հոգեբանը:










