Facebook-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել օգտատերերից հոգեբանական գիտափորձի համար
Աշխարհում ամենախոշոր սոցիալական ցանցի՝ Facebook-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը ներողություն է խնդրել բոլոր օգտատերերից՝ արված հոգեբանական գիտափորձի համար: Թոփ-մենեջերն այդ մասին հայտարարություն է արել՝ Հնդկաստան կատարած իր գործնական այցի ժամանակ:
Սանդբերգի խոսքով՝ «փորձը ընկերության հետազոտական աշխատանքի մեջ էր մտնում, որն ուղղված էր տարբեր արտադրանքների փորձարկմանը»:
«Դա հենց մեր արտադրանքի հետազոտություն էր: Մենք ցավում ենք, որ չենք տրամադրել բավականաչափ անհրաժեշտ տեղեկատվություն այդ գործընթացի մասին։ Մենք ոչ մեկին չենք ցանկացել վիրավորել կամ վշտացնել»,– ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սոցցանցը քննադատության է արժանացել առանց օգտատերերի գիտության նրանց հոգեբանական գիտափորձի ենթարկելու համար։ 2012 թվականին շաբաթվա ընթացքում ցանցի 689 հազար օգտատերերի լրահոսում հայտնվել են կամ բացասական բնույթի հաղորդագրություններ, կամ միայն դրական նորություններ: Կախված ստացած լուրերից, հետազոտողների տվյալներով, փոխվել է օգտատերերի տրամադրությունը:










