iWatch «խելացի» ժամացույցը կարող է ներկայանալ ձայնային հաղորդագրություն ուղարկելու գործառույթով
Apple-ի երկար սպասված iWatch «խելացի» ժամացույցների մասին տարածվող լուրերում ավելի շատ անդրադառնում են սարքավորման առողջական հավելվածներին և սենսորներին, ինչպես նաև` էկրանի չափսերին:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` UBS վերլուծաբան Սթիվ Միլունովիչի կարծիքով` iWatch-ի հիմնական առանձնահատկությունը կարող է դառնալ ձայնային հաղորդագրությունը: Միլունովիչը վերջերս զրույց է ունեցել Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկի հետ, ով իր խոսքում նշել է ձայնային հաղորդագրության կիրառման փորձի մասին, որին ականատես է եղել Չինաստան կատարած այցի շրջանակներում:
Բավականին հետքրքրական է, որ Apple-ն այս տարի կրկին մեծ ուշադրություն է դարձրել iPhone-ով ձայնային հաղորդագրություններ ուղարկելու կարողությանը` գալիք iOS 8 օպերացիոն համակարգի միջոցով: Վերլուծաբանների կարծիքով՝ այդ գործառույթը տրամաբանորեն կարող է կիրառվել նաև iWatch-ի դեպքում:
Իսկապես հաջողված արտադրանք դառնալու համար Apple-ի iWatch-ը պետք է լուծի այն հարցերը, որոնք չի կարողացել լուծել iPhone-ը, և բնական ձայնով հաղորդագրություններ ուղարկելը կարող է հզոր տարբերակիչ առանձնահատկություն դառնալ:










