Երևանում օդի աղտոտվածության պաշտոնական ցուցանիշը նորմայի սահմաններում է, որովհետև ներկայացվում է միջինացված թիվ. բնապահպան

12:38 • 06.07.14

Երևանի օդի աղտոտվածության վրա առաջին հերթին ազդում են արտանետումները։ Նման կարծիքի է բնապահպան Ինգա Զառաֆյանը, ով Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դրանք օդի մեջ հայտնվելով՝ ժամանակի ընթացքում նստում են հողի վրա, իսկ քամիների ժամանակ կրկին բարձրանում օդ:

«Բնապահպանության նախարարությունն ունի մոնիտորինգի կենտրոն, որոնք օդի աղտոտվածության մասին ներկայացնում են պաշտոնական տվյալներ, բայց դրանք հիմնականում միջինացված թվեր են: Ավելին՝ օդային ավազանի մոնիտորինգ պետք է ներկայացվի յուրաքանչյուր վարչական շրջանի համար առանձին, որովհետև դրանք տարբեր խնդիրներ ունեն»,-ասաց նա:

Ինգա Զառաֆյանը նշեց, որ Էրեբունի վարչական տարածքում են գտնվում «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերությունը և «Մաքուր երկաթ» գործարանը, որոնք մեծ վնաս են հասցնում տվյալ տարածքի օդային ավազանին:

«Այդ գործարաններից արտանետումներից ծծմբային հիդրիդ է առաջանում, որը շատ վնասակար է։ Բայց մոնիտորինգ կենտրոնը դրա քանակությունը բաժանում է ամբողջ Երևանի օդային ավազանի վրա ու ստանում մի փոքրիկ թիվ, որը նորմայից շատ ցածր է, բայց տվյալ տարածքի համար այն բարձր թիվ կկազմի։ Բնակիչներն իրենց վրա արդեն զգում են դրա ազդեցությունը»,-ասաց նա։

Ինգա Զառաֆյանն ընդգծեց, որ թեև Երևանն այնքան էլ մեծ չէ, սակայն յուրաքանչյուր վարչական շրջան օդային ավազանի հետ կապված իր խնդիրներն ունի, որոնցից յուրաքանչյուրն առանձին լուծում է պահանջում։

«Լուծված չէ դեռևս Նուբարաշենի աղբանոցի արտանետումների խնդիրը, որտեղից վնասակար նյութեր են տարածվում օդի մեջ: Ունենք բազմաթիվ փոքր ձեռնարկություններ, որ ով ուզում է՝ իր արտանետումների քանակը տալիս է, ով չի ուզում՝ չի տալիս: Կենտրոն վարչական շրջանում ձեռնարկություններ չկան, բայց տրանսպորտն այնքան խիտ է, որ արտանետումները հսկայական են ու այնտեղից դուրս չեն գալիս: Սարի թաղում այսօր քարի հանք է գործում ու այնտեղ լրիվ փոշի է»,-ասաց նա:
 

Երևանում օդի աղտոտվածության պաշտոնական ցուցանիշը նորմայի սահմաններում է, որովհետև ներկայացվում է միջինացված թիվ. բնապահպան