Իրանը պատրաստ է ՀՀ–ի հետ համատեղ արևային էներգիայի օգտագործման նպատակով ներդրում անել. Վ. Համազասպյան
Տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն այսօր ասուլիսին ասաց, որ մինչ այդ Իրանի դեսպնատանն է եղել, որտեղ նրան ասել են, թե անհանգստացած են այն փաստով, որ Իրան-Հայաստան արևային էներգիայի արտադրելու ուղղությամբ հետաքրքրությունները մամուլում քաղաքականացվում են։
«Իրանական կողմն անհանգիստ է, որ իրենց հետաքրքրությանը քաղաքական երանգ է տրված, որ իբրև թե Իրանը հայտարարել է, որ ռուսական գազի դեմ պայքարելու է»,- ասաց նա։
Վահան Համազասպյանը նշեց, որ Իրանը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում արևային էներգիա արտադրելու համար և իր ստեղծած «Ախթամար» արևային սարքի միջոցով կարելի է մեծ քանակությամբ էժան էլեկտրաէներգիա ստանալ, միայն թե ասաց, որ մտահոգություն ունեն, որ իրենց կարող են խանգարել։
Ըստ նրա՝ Իրանում արդեն իսկ արևային էներգիայի հարցով ընկերություններ կան, պատրաստ են հյուրընկալել հայ մասնագետներին, նրանք էլ գան, որից հետո պայմանավորվածությունները, ներդրումների ծավալը առարկայական կլինի։
Իսկ մինչ այդ, ըստ նրա, պայմանավորվածություն է եղել արդյունաբերությունը կազմակերպել 50/50 սկզբունքով, այսինքն՝ Իրանի գումարներով և Հայաստանի տեխնոլոգիաներով արտադրության 50%-ը Հայաստանում լինի, 50%-ը՝ Իրանում։
«Նախընտրելի է այդ տարբերակը՝ համատեղ արտադրություն կազմակերպել, միայն թե չխանգարեն»,- նշեց նա և հավելեց, որ նաև խոսվել է պայմանավորվածությունների մասին, որ ավելի շատ գյուղմթերքներ պետք է վերամշակել արևային տեխնոլոգիաներով, որը մեծ պահանաջարկ ունի ռուսական և եվրոպական շուկաներում։
Վահան Համազասպյանը նաև ասաց, որ թեև դեռ ֆինանսական հաշվարկները վերջնական չեն, բայց արդեն իսկ 5 առաջարկություն են գրել բիզնեսի համար և ուղարկել իրանական ֆիրմաներին։ «Կծանոթանան, այդ ժամանակ կտեսենք, բազային գործարանն 8 մլն դոլար արժե»,-ասաց նա։
Հարցին, թե Հայաստանում որտե՞ղ են գործարանը կառուցելու, Վահան Համազասպյանը նշեց, որ արդեն պատրաստ են երկու ամսից արտադրությունն սկսել Սպիտակում, որտեղ գործարան կա։










