Google-ի նոր սարքերը կուղարկվեն Միջազգային տիեզերակայան
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը առաջիկայում պատրաստվում է Երկրի ուղեծիր նոր սերնդի 3D զգայակներով համալրված Android սարքեր ուղարկել։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այդ սարքերը Միջազգային տիեզերակայանում օգտագործվելու են որպես տիեզերագնացներին օգնելու համար նախատեսված գնդաձև ռոբոտների ուղեղներ ու աչքեր։

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, տեղեկացրել է, որ Google-ի սարքերն ուղարկվելու են տիեզերք հուլիսի 11-ին։
Նշվում է, որ ուղարկվելիք սարքերի շարքում են տիզերագնացների տեղաշարժին հետևող տեսախցիկներ, տարբեր գործառույթներով համալրված զգայակներ, որոնք կարող են կազմել տիեզերակայանի 3D քարտեզը, նավիգացիոն համակարգեր, մարտկոցներ, ինչպես նաև հեռախոսներ։










