Porsche-ն 8 մխոցային շարժիչով նոր սուպերքար կարտադրի
Porsche ընկերությունը 8 մխոցային շարժիչով սուպերքար է մշակում, որը կդառնա Ferrari 458 Italia մոդելի մրցակիցը համաշխարհային շուկայում գնորդների համար պայքարում:
Ինչպես գրում է Motor.ru-ն՝ Autocar պարբերականին հղումով, նախնական տվյալներով՝ սուպերքարը, որը գերմանական ավտոկոնցեռնի ներսում դեռևս հայտնի է 988 ինդեքսի ներքո, կզինվի 4 լիտր աշխատանքային ծավալով 8 մխոցային շարժիչով, որի հզորությունը կկազմի առնվազն 600 ձիաուժ:
Ակնկալվում է, որ ապագա սուպերքարը կկառուցվի նոր հարթակի հիման վրա, որի հիմքում մտադիր են օգտագործել ալյումին և կոմպոզիցիոն նյութեր: Գերմանական ընկերությունը մտադիր է 2019-ին Porsche-ի բոլոր սպորտային մեքենաները զինել ամբողջովին նոր շարժիչներով՝ 4, 6, 8 մխոցային, որոնք հասանելի կլինեն մթնոլորտային և տուրբինային տարբերակներով:
Porsche-ի նոր մոդելը շուկայում կհայտնվի 2017-ին: Նախատեսվում է տարեկան 3-4 հազար նման մեքենա արտադրել, որոնց արժեքը կկազմի շուրջ 400 000 դոլար:










