Բժիշկները հայտնաբերել են անքնության հակադեպրեսիոն ազդեցությունը օրգանիզմի վրա
Բրիտանացի բժիշկներն առաջին անգամ հետազոտել են անքնությամբ տառապող մարդկանց մոտ առկա մետաբոլոնը (մետաբոլիտների` նյութափոխանակության քիմիական նյութերի ամբողջություն):
Ինչպես գրում է Корреспондент-ը` Lenta.ru-ին հղումով, հետազոտման արդյունքում պարզվել է, որ մեկ ամբողջ օր արթուն մնալով` մարդու արյան մեջ առավել ակտիվ են արտադրվում սերոտոնին, տրիպտոֆան և տաուրին նյութերը, որոնց նվազեցված պարունակությունը նկատվում է ընկճվածության (դեպրեսիա) և հոգնածության (աստերիա) ժամանակ: Փաստորեն՝ ստացվում է, որ քնի պակասը պարադոքսալ կերպով կարող է հակադեպրեսիոն ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա:
Քնի պակասը և խափանումներն օրական ռեժիմում կապված են նյութափոխանակության բազմաթիվ հիվանդությունների հետ, այդ թվում` ճարպակալման և շաքարախտի, ինչպես նաև՝ սիրտ-անոթային հիվանդությունների, սակայն փոխել քնի խանգարումների ազդեցությունը մարդու մետաբոլիզմի վրա՝ գիտությանը դեռևս չի հաջողվել:
Համենայն դեպս՝ գիտնականների մի մասն էլ մեկ այլ գիտական վարկած է առաջ քաշում` կապված մարդու օրգանիզմի վրա անքնության ազդեցության հետ: Բոննի համալսարանի և Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները հայտարարում են, որ եթե մարդն օրերով չի քնում, նրա մոտ կարող են շիզոֆրենիայի ախտանիշեր առաջ գալ: Ինչպես հայտնում է rosbalt.ru-ն` ըստ գիտնականների` քնի պակասի պատճառով նվազում է կոնցենտրացիան, և մարդու մոտ փսիխոզ (հոգեկան խանգարում) է նկատվում: Մարդուն սկսում են տարօրինակ մտքեր տանջել, և նա ճիշտ չի ընկալում իրականությունը: Ընդհանուր առմամբ՝ կարելի է ասել, որ անքուն գիշերվանից հետո խանգարվում է ուղեղի կարևոր ֆունկցիաներից մեկը` տեղեկատվության ֆիլտրացիան:










