«168 ժամ» Չեմ հիշում, որ էնտերովիրուսն այսքան մենինգիտ առաջացնի. հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը մենինգիտի համաճարակի մասին
«Ամբողջ տարածաշրջանում՝ Ռուսաստանում, Վրաստանում և Հայաստանում, մենք այսօր ունենք էնտերովիրուսային հիվանդության բարձրացում, և, ցավոք սրտի, բացի նրանից, որ այն բարձրացել է, ունենք նաև այդ հիվանդության մի շարք արտահայտումներից ամենածանր ձևը, որը կոչվում է մենինգիտ (ախտահարում է գլխուղեղի թաղանթները)»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը:
Մասնագետը նշել է, որ Հայաստանում այդ հիվանդությամբ վարակվածները հիմնականում կուտակվում են 3 հիմնական հիվանդանոցներում՝ Արաբկիր բժշկական կենտրոնում, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում (Ծերեթելի) և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: «Բավական շատ են դեպքերը, բայց միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ այս վիրուսից հարուցված մենինգիտը բավական լավ է ենթարկվում բուժման, ընդամենը 2 կամ 3 օր բուժումից հետո մենք ունենում ենք փայլուն արդյունք»,- ասաց Ա. Ասոյանը: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս համաճարակի տարածումը տարածաշրջանում, ինֆեկցիոնիստը պատասխանեց. «Սա այն բացառիկ վիրուսն է, որի հետ կապված՝ ես ինքս, որպես մասնագետ, շատ հարցականներ ունեմ, որովհետև բավական երկար ժամանակ՝ 30 տարուց ավելի, աշխատում եմ ինֆեկցիոն հիվանդությունների ոլորտում, սակայն նման համաճարակ չեմ հիշում: Չեմ հիշում, որ էնտերովիրուսն այսքան մենինգիտ առաջացնի:
Մասնագիտական գրականության մեջ, ճիշտ է, նկարագրվում է, բայց այսօր ամեն ինչն է փոխվել, այդ թվում՝ էնտերովիրուսը, ջրծաղիկը: Մենք, ցավոք սրտի, ջրծաղիկից մահվան դեպքեր ենք ունենում: Օրինակ, վերջին 3 տարում գրանցվել է ջրծաղիկից 5 մահ, բայց էնտերո վիրուսից, փառք Աստծո, դեռ չունենք մահվան դեպք»: Ըստ ինֆեկցիոնիստի՝ առայժմ երևում է, որ համաճարակը հիմնականում երեխաների շրջանում է տարածված. «Հիվանդների մոտավորապես 80-84%-ը կազմում են 2-10 տարեկան երեխաները»: Ա. Ասոյանի խոսքով՝ վարակ է, որը փոխանցվում է և՛ օդակաթիլային ճանապարհով, և՛ շփվելով, սերտ կոնտակտի միջոցով. «Բայց թե հիվանդության գաղտնի շրջանը որքա՞ն է հայտնի չէ, այստեղ մենք ինքներս բավական շատ հարցեր ունենք, որոնց դեռ չենք կարող պատասխանել»:
Ըստ Ա. Ասոյանի հիվանդությունը հիմնականում արտահայտվում է հետևյալ հիմնական ախտանիշներով՝ ջերմության բարձրացում, փսխումներ և գլխացավ. «Եթե այս 3 նշանները կան, ապա մենք արդեն մտածում ենք մենինգիտի մասին»: Հարցին, թե արդյո՛ք ճիշտ ժամանակին են մարդիկ դիմում իրենց, ինֆեկցիոնիստը պատասխանեց. «Շատ զգոն է մեր բնակչությունն այս դեպքում, նույնիսկ մի բան էլ ավելի շատ են բերում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։










