Պոլիկլինիկաների անվճար լինելը պոպուլիզմ է. թիվ 2 բուժմիավորման գլխավոր տնօրեն
Թիվ 2 բուժմիավորման գլխավոր տնօրեն Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ պետք է համավճար կիրառվի նաև պոլիկլինիկաներում, և զուգահեռ պետք է զարգացնել բժշկական ապահովագրությունը: Tert.am-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ անվճար բժշկությունը չի կարող որակյալ լինել:
«Կառավարությունը հայտարարում է, որ բժշկությունը պետք է լինի մատչելի և հասանելի, սակայն բժշկությունը չի կարող լինել մատչելի, այն պետք է լինի հասանելի: Մատչելի բժշկությունը անորակ է: Ես գտնում եմ, որ պոլիկլինիկաների անվճար լինելը պոպուլիզմ է, առավելևս, որ դրանք գտնվում են ֆինանսական ծանր վիճակում»-ասաց նա:
Հարցին՝ Դուք փաստում եք, որ պոլիկլինիկայի ծառայություններն անորակ են, որովհետև անվճա՞ր են, նա պատասխանեց.«Ուղղակիորեն դա չեմ կարող փաստել, սակայն որակյալ մասնագետը 80 կամ 100, թեկուզ 120 հազար դրամով չի աշխատի պոլիկլինիկայում: Ես չասացի՝ ո´չ որակյալ, ես ասում եմ, որ բարձր որակի բուժօգնություն չի ստանում: Սա նշելով՝ ես չեմ ցանկանում փնովել պոլիկլինիկայում աշխատող մասնագետներին, պոլիկլինիկաներում ևս շատ գրագետ մասնագետներ կան: Բացի այդ՝ պոլիկլինիկաներում այսօր հզոր սարքավորումներ չկան»:
Տիգրան Խաչատրյանի համոզմամբ՝ համավճարը պետք է գործի նաև պոլիկլինիկաներում, այդ ծառայությունները պետք է անվճար լինեն միայն անապահով սոցիալական խմբերի համար:
Տիգրան Խաչատրյանը գտնում է, որ խնդրի լուծումը բժշկական ապահովագրությունն է: «Համավճարի մեխանիզմը պետք է ներդնել, մեծացնել գումարները, սակայն զուգահեռ պետք է զարգացնել ապահովագրությունը»,-ասաց նա:
Անդրադառնալով պոլիկլինիկաներում առկա կոռուպցիոն ռիսկերին՝ նա նշեց, որ կոռուպցիոն ռիսկերը միշտ էլ կլինեն, քանի դեռ բժշկի աշխատավարձը ցածր է:
Հարցին՝ Ձեր պոլիկլինկայու՞մ էլ կոռուպցիա կա, նա պատասխանեց. «Մենք փորձում ենք այդպիսի բաներից խուսափել, սակայն դուք լրագրող եք և հասկանում եք, որ դա անհնար է: Եթե համավճար կիրառվի, աշխատավարձը բարձր կլինի, և կոռուպցիոն ռիսկերը ետ կմղվեն»:










