Apple-ին iTime «խելացի» ժամացույց ստեղծելու արտոնագիր է շնորհվել
Ամերիկյան Apple ընկերությանը iTime «խելացի» ժամացույց ստեղծելու դիզայնի արտոնագիր է շնորհվել, հայտնում է Forbes-ը: Նախօրեին ԱՄՆ-ի Արտոնագրերի և ապրանքանշանների գրասենյակն Apple-ին համապատասխան արտոնագիր է տվել: Այս կերպ փոքրիշատե պարզ են դարձել ձեռքի ժամացույցներին առնչվող Apple-ի հավակնությունները:
Միաժամանակ նշվում է, որ Apple-ը երբեք հրապարակավ չի ընդունել, որ աշխատում է «խելացի» ժամացույցի ստեղծման ուղղությամբ, չնայած համատարած ակնկալվում էր, որ սեպտեմբերին ընկերությունը կարող է iWatch անվանումով ժամացույց ներկայացնել:
Աղբյուրը նշում է, որ շատ արտոնագրեր են շնորհվում ապրանքների, որոնք այդպես էլ շուկա չեն մտնում: Apple-ն այս արտոնագրի համար դիմել էր երեք տարի առաջ:
Այս արտոնագրի առնչությամբ իսկապես հետաքրքրական է այն, որ դրանում ներառվել է ժամացույցը պատկերող վերջնական գծանկար: Նկարի ժամացույցը հիշեցնում է Samsung’s Gear գիծը և առաջին երկու Android Wear «խելացի» ժամացույցները, որ ներկայացվել էին հունիսին:











