Օգտատերերը Facebook-ում օրական միջինը 40 րոպե են ծախսում. Ցուկերբերգ

10:26 • 24.07.14

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ ամերիկացի օգտատերերն այդ սոցիալական ցանցում ծախսում են օրական միջինը 40 րոպե: Այդ հայտարարությունը Ցուկերբերգն արել է հերթական եռամսյակային հեռուստակոնֆերանսի ընթացքում:

 

Ցուկերբերգը հավելել է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ բնակիչները տարբեր տեսակի էկրանների առջև անցկացնում են օրական մոտ 9 ժամ:

 

Դա հետաքրքիր է, կարծում է Facebook-ի հիմնադիրը, քանի որ նման վիճակագրությունը խոսում է աճի մեծ հնարավորությունների մասին:

 

Ցուկերբերգի խոսքով՝ սոցցանցի աճին կնպաստի, մասնավորապես, Graph Search անվանումով Facebook-ի որոնողական ծառայությունը: Բացի այդ, օգտատերերը «խելահեղ» շատ ժամանակ են ծախսում մեսենջերներում տարբեր հաղորդագրությունների վրա, նշել է գործարարը:

 

The Wall Street Journal-ն իր հերթին ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այդ կոնֆերանսի ընթացքում Facebook-ի թոփ-մենեջերները չեն հիշատակել օգտատերերի շրջանում սոցցանցի անցկացրած գաղտնի հոգեբանական փորձի մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Facebook-ը փոփոխել է դրական և բացասական բովանդակության քանակը լրահոսերում՝ ուսումնասիրելով դրա ազդեցությունն օգտատերերի վրա:

Օգտատերերը Facebook-ում օրական միջինը 40 րոպե են ծախսում. Ցուկերբերգ