Google-ը հեռացրել է որոնման արդյունքներից եվրոպացիների խնդրած տվյալների կեսից ավելին
Google ընկերությունը որոնման արդյունքներից հեռացրել է Եվրամիության բնակիչների՝ անձնական տվյալները հեռացնելու խնդրանքների կեսից ավելիի հղումները, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկատվական աղբյուրների:
Bloomberg-ի տվյալներով՝ անցած շաբաթվա վերջի դրությամբ Google-ը եվրոպացիներից ստացել է որոնման արդյունքներից անձնական տվյալները հեռացնելու 91 հազարից ավելի դիմում, որոնք վերաբերում են 328 հազար ինտերնետային էջերի:
Դիմումների քանակով ամենաակտիվը Ֆրանսիայի (58 հազար ինտերնետային էջերի մասին 17,5 հազար դիմում) և Գերմանիայի (57 հազար էջերի մասին 16,5 հազար դիմում) օգտատերերն են:
Միևնույն ժամանակ Google-ը մերժում է դիմումների միջինը 30 տոկոսը և պահանջում հավելյալ տվյալներ ևս 15 տոկոս դեպքերում: Google-ի ներկայացուցիչներն այդ տվյալները չեն մեկնաբանել:
Եվրոպացիները կարող են խնդրել հեռացնել իրենց անցանկալի անձնական տվյալները Google-ի որոնման արդյունքներից՝ մայիսի 30-ից սկսած: Թույլ տալով եվրոպացիներին պահանջել հեռացնել իրենց տվյալները՝ Google-ը սկսել է իրականացնել Եվրամիության Բարձրագույն դատարանի մայիսի 13-ին կայացրած վճիռը:










