Google-ը կարող է ֆաբլեթների շուկա ներխուժել 5.9 դյույմ էկրան ունեցող հեռախոսով
Google-ը, որոշ տեղեկությունների համաձայն, աշխատում է խոշոր` 5.9 դյույմ էկրանով սմարթֆոն ստեղծելու ուղղությամբ, որը կթողարկվի նոյեմբերին: Այս մասին գրում է Business Insider-ը՝ Android Police-ին հղումով:
Հաղորդվում է, որ ընկերությունը Motorola-ի հետ համատեղ աշխատում է ֆաբլեթ ստեղծելու ուղղությամբ, որը, հավանաբար, կներկայանա մատնահետքի սենսորով: Դեռևս հայտնի չէ, թե ինչ անվանում կստանա նոր սարքավորումը, բայց Google-ի և Motorola-ի ներսում այն անվանում են Shamu:
Նորույթը անսովոր կերպով մեծ է սմարթֆոնի համար: Այն մեկ դյույմ փոքր է սովորական մինի պլանշետների չափսից, ինչպիսին օրինակ Google Nexus 7-ն է: Միակ սարքավորումը, որն իր չափսերով համընկնում է սպասվող սարքավորմանը, Samsung-ի Galaxy Mega ֆաբլեթն է, որը ներկայանում է 5.8 և 6.3 դյույմ էկրանով: Հիմնականում ֆաբլեթների չափսերը տատնվում են 5.3-5.7 դյույմի միջև:
Android Police տեղեկատվական բլոգի տվյալների համաձայն՝ այսպես կոչված Shamu ֆաբլեթը աշխատելու է Google-ի օպերացիոն համակարգով, որը առկա է միայն Nexus հեռախոսներում և պլանշետներում:










