Մեծ Բրիտանիան ինքնակառավարվող մեքենաների փորձարկման համար 10 մլն ֆունտ կտրամադրի
Ինքնակառավարվող ավտոմեքենաների փորձարկումն ապահովելու նպատակով Մեծ Բրիտանիան 10 մլն ֆունտ ստերլինգ կտրամադրի, ինչպես նաև՝ կվերանայվեն երկրում երթևեկությունը կարգավորող մի քանի օրենքներ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Guardian-ին:
Ենթադրվում է, որ ինքնակառավարվող ավտոմեքենաների փորձարկումը կսկսվի 2015 թվականին և համատեղության կարգով կֆինանսավորվի բիզնեսի և նորարարությունների նախարարության, ինչպես նաև՝ տրանսպորտի վարչության կողմից:
Մեքենաների փորձարկումները կանցկացվեն Մեծ Բրիտանիայի երեք քաղաքում՝ 1.5-ից 3 տարի տևողությամբ: Փորձարկումները երկու տեսակ կլինեն՝ վարորդ-օպերատորի հետ, ով կկարողանա ցանկացած ժամանակ ապահովագրել մեքենան, և լիովին ինքնավար:
Երեքշաբթի՝ հուլիսի 29-ին, չինական որոնողական Baidu համակարգը հայտարարել է ինքնավար մեքենաների ստեղծման մեկնարկի մասին: Տեղեկատվության համաձայն՝ ինքնավար ավտոմեքենան կաշխատի սենսորներից և GPS-ից ստացված տվյալների համաձայն՝ ինքնուրույն ընտրելով շարժման արագությունն ու ուղղությունը:










