Նոր նյութը կարող է կրկնակի կրճատել արևային էներգիայի արժեքը
Արևը նախկինի պես հանդիսանում է վերականգնվող էներգիայի առավել հեռանկարային աղբյուրներից մեկը մարդկության ահամար, սակայն արևային էներգիայի ինքնարժեքը շարունակում է համեմատաբար բարձր մնալ:
Ինչպես ներկայացնում է Newsru.com-ը՝ Technology Review-ին հղումով, այս իրավիճակը կարող է փոխվել: Glint Photonics ընկերության հետազոտողների թիմը նոր ադապտացվող նյութ է մշակել, որի օգտագործումը կարող է կրկնակի նվազեցնել արևային էներգիայի արժեքը:
Նոր նյութի հատկությունները թույլ են տալիս փոխել թողունակությունը տաքացման պարագայում և որսալ արևային ճառագայթները ցանկացած անկյան տակ՝ դրանք ուղարկելով ֆոտոէլեմենտի վրա: Ժամանակակից արևային էլեկտրակայաններում շարժական ոսպնյակներից ու ապակիներից կազմված հատուկ թանկարժեք համակարգեր են կիրառվում արևի դիրքին հետևելու համար:
Ընդհանուր առմամբ՝ Glint Photonics-ի մշակումը իրենից բարակ ու էժան ոսպնյակների շարան է ներկայացնում, որոնք իրականացնում են արևային լույսի առաջնային կլանումը, ապա այն ընկնում է ապակյա մակերեսի վրա, որը երկու կողմից պատված է արտացոլվող նյութերով, ի դեպ՝ մի կողմից այն պատված է ընկերության մշակած ադապտացիոն նյութով:
Արևի ճառագայթների կլանման պարագայում նյութի մակերեսին տաքացում է կատարվում, և այդ կետում նյութը կարողանում է որսալ արևից եկող լույսն ու այն ներս փոխանցել:










