General Motors-ը չինական ընկերության հետ համատեղ մինիվեն է ներկայացրել՝ Lotus-ի դիզայնով (լուսանկարներ)
General Motors ընկերությունը SAIC չինական կորպորացիայի հետ համատեղ ստեղծել է բյուջետային 7 տեղանի Baojun 730 մինիվենը, որը նախատեսված է բացառապես Չինաստանի շուկայի համար:
Ինչպես գրում է Motor.ru-ն՝ մոդելի դիզայնով, որի անվանումը չինարենից թարգմանաբար նշանակում է «Թանկարժեք ձի», զբաղվել է բրիտանական Lotus Engineering ընկերությունը: Երրորդ շարքի ծալված նստատեղերով բեռնախցիկի ծավալը կազմում է 330 լիտր: Բացի այդ, սրահում ընդհանուր առմամբ 22 տարբեր բաժին կա զանազան իրերի համար:
Մինիվենն առաջին մոդելն է, որը համատեղ ստեղծել են SAIC և GM ընկերությունները՝ Protection for All («Պաշտպանություն բոլորի համար») կորպորատիվ կոնցեպտի համաձայն: Ինչպես նշում է ավտոարտադրողը՝ շասիի տարրերի մեծամասնությունը պատրաստվել է բարձր ամրության պողպատից՝ լազերային եռակցման միջոցով:
Մեքենայի անվտանգության համակարգը բաղկացած է 4 անվտանգության բարձիկից և ABS համակարգից:
Baojun 730-ը շուկայում ներկայանում է 1.5 և 1.8 լիտր ծավալով բենզինային շարժիչներով, որոնց հզորությունը հասնում է 112-142 ձիաուժի: Baojun 730 մոդելի արժեքը չինական շուկայում կազմում է 69-81 000 յուան:

















