Բրիտանիայում լեսբուհիների համար սերմնահեղուկի բանկ կստեղծվի
Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը որոշել է երկրում ստեղծել սերմնահեղուկի առաջին բանկը՝ նախատեսված լեսբուհիների և միայնակ կանանց համար, որոնք ցանկանում են երեխա ունենալ՝ առանց տղամարդու մասնակցության. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
300 ֆունտի (մոտ 500 դոլար) դիմաց իսկ դա կրկնակի անգամ էժան է, քան մասնավոր կլինիկաներում, կինը կարող է մուտք գործել սերմնահեղուկի դոնորների բազա և ընտրել իր ապագա երեխայի հորը՝ ելնելով մի շարք չափորոշիչներից՝ ռասսային պատկանելությունից մինչև հոբբի: Դրանից հետո բանկը սերմնահեղուկը կուղարկի ցանկացած հիվանդանոց, որը կընտրի պոտենցիալ մայրը և որտեղ էլ տեղի կունենա արհեստական բեղմնավորումը:
Բանկը նախատեսված է այն կանանց համար, որոնք ցանկանում են ընտանիք ունենալ՝ առանց տղամարդու հետ հարաբերություն ունենալու: Նման կանանց թիվը վերջին տարիներին, ըստ գործակալության, աճել է:
Նման մոտեցումն արդեն քննադատությունների առիթ է տվել: Քննադատողները դա վտանգավոր սոցիալական փորձ են համարում, ինչի պատճառով հարյուրավոր կամ գուցե հազարավոր երեխաներ կմեծանան առանց հոր:
Բանկը կսկսի գործել այս տարվա հոկտեմբերին: Նախագիծը կֆինանսավորի Բրիտանիայի առողջապահության
նախարարությունը:










