Հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմում, ինչպես պատերազմում, խաղի ինչ նոր կանոններ են անհրաժեշտ
Եթե հայ-ադրբեջանական շփման գծում Հայաստանը հակազդում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին, ապա վիրտուալ հարթության մեջ երկու երկրների միջև արդեն տեղեկատվական պատերազմ է ընթանում:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի հաքերները վերջին օրերին տասնյակ հայկական կայքեր են կոտրում, (ինչին պատասխանում են հայ հաքերները), փորձում «համալրել» տեղեկատվական նյութերը ադրբեջանական տեղեկություններով, ապա՝ կեղծ հղումներ անել այդ նյութերին:
Banman.am կայքը, օրինակ՝ հրապարակել է ադրբեջանական կողմի մի քանի լրատվամիջոցի անուն, որոնք կարող են շփոթեցնել ինչպես լրագրողների, այնպես էլ շարքային ընթերցողների։ Դրանք կա՛մ հայկական կայքի անվան տակ հանդես եկող, բայց իրականում ադրբեջանական, կա՛մ ադրբեջանական, սակայն հայալեզու կայքեր են։
Tert.am-ը փորձեց մեդիա անվտանգության փորձագետներից, ինչպես նաև հայկական լրատվական կայքերի ու թերթերի խմբագիրներից տեղեկություններ ստանալ, թե «Պատերազմում, ինչպես պատերազմում» իրավիճակում լրատվամիջոցներն ինչ նոր աշխատաոճ պետք է որդեգրեն՝ կեղծ, չճշտված և վնասող տեղեկություններ չհրապարակելու ու չտարածելու համար:
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը շատ պարզ բանաձև է առաջարկում՝ ամեն ինչ ճշտել ու վերաճշտել: «Սա այն դեպքն է, որ ակնհայտ սուտը ադրբեջանական լրատվամիջոցներում գերիշխում է և տարածվում է տարբեր միջոցներով՝ սկսած նրանից, որ «ֆեյքեր»-ով (կեղծ օգտատերերով– Tert.am) գրում են, որ հենց նոր ինձ զանգեցին ու ասացին, որ եղբայրս Ասկերանից ասաց, որ զոհեր ունենք, վերջացրած ավելի բարդ գործողություններով: Օրինակ՝ այն, որ կարող են կայքը կոտրել, վրան տեղեկատվությունը փոխել ու անմիջապես վերցնել, պտտել իրենց կայքերով, շատ արագ, որ չհասցնես հերքել»,- ներկայացրեց Սամվել Մարտիրոսյանը:
Նա իրավիճակն ամփոփ այսպես գնահատեց. «Սա այն դեպքն է, երբ նույնիսկ վստահելի աղբյուրը կարող է այդ պահին ակամայից կեղծ տեղեկատվություն տարածել»:
Ըստ մեդիա փորձագետի, այս զգուշությունը, իհարկե, ազդելու է լրատվամիջոցի օպերատիվության վրա, սակայն, այս պահին տեղեկատվության ճշգրտությունն ավելի կարևոր է:
Սամվել Մարտիրոսյանը որպես գործնական օրինակ առաջարկեց կապ հաստատել կամ սահմանամերձ գյուղերի գյուղապետերի հետ, կամ Facebook-ում՝ քաղաքացիական բնակչության վստահելի որևէ աղբյուրի հետ, որին գիտեն ֆիզիկապես, և եթե ՊՆ-ն կամ մյուս պաշտոնական աղբյուրները այդ պահին հասանելի չեն, նրանցից ստույգ տեղեկություններ իմանալ:
Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Tert.am-ի հետ զրույցում նկատելով, որ հայկական լրատվամիջոցներն այս անգամ շատ ավելի լավ դրսևորվեցին, քան նախորդ դեպքերի ժամանակ, առաջարկեց մի քիչ պակասեցնել կամ հանել զգացմունքայնությունը:
«Որպես թերություններ կարող եմ նշել, որ զգացմունքայնություն կա շատ նյութերի տրամադրության մեջ: Իհարկե, զգացմունքային նյութեր ևս պետք է լինեն, բայց դա այլ ուղղությամբ պետք է լինի։ Հետո շատ են ուզում, որ Ադրբեջանի տված ցանկացած ինֆորմացիա մենք մեկնաբանենք, սակայն դա պետք չէ, քանի որ Ադրբեջանը մեր լսարանի վրա է թիրախավորված։ Եթե դա ադրբեջանցին կարդա, ես դրանից չեմ տխրի, բայց որ դա հայն է կարդում և սկսում դրանով զբաղվել, դա վատ է։ Մի փոքր էլ կարելի է, որ խմբագիրներն այս օրերին իրենց ներքին կադրային բաշխումը կատարեն ճիշտ։ Այսինքն՝ նման իրավիճակում երիտասարդներին այս թեմաներով շատ հանձնարարություններ չտան, լավ կլինի, որ ռազմական թեմաներով համեմատաբար այս ընթացքում փորձառուները գրեն, որ ավելի զգույշ լինեն»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը և առաջարկեց նաև չշտապել, մանավանդ, որ խոստանում է այս օրերին ավելի հասանելի լինել, քան նախկինում էր:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ևս կարծում է, որ երբ սահմանում լարված իրավիճակ է, լրատվամիջոցները պետք է զգուշություն ցուցաբերեն, քանի որ խնդիրն առնչվում է երկրի անվտանգությանը, բայց մյուս կողմից էլ նա այն կարծիքին է, որ ճշմարտության դեմ մեղանչել չի կարելի: Այսինքն՝ պետք է աշխատի «մի՛ վնասիր» սկզբունքը:
«Պետք է ճշմարիտ լինել, լիարժեք ինֆորմացիա փոխանցել մեր ընթերցողին: Երբ մարդիկ տեղեկացված են իրերի իրական դրության մասին, իրենք շատ ավելի ադեկվատ են գործում այդ պայմաններում, քան թե երբ ինչ-որ ինֆորմացիա թաքցվում է իրենցից: Ամեն դեպքում պետք է զգուշությունը պահպանենք, ինչը միշտ արել ենք: Իհարկե, «մի՛ վնասիր» սկզբունքը պետք է պահել, որ չդառնանք դետոնատոր ռազմական գործողությունների կամ միջպետական հարաբերությունների հարցում»,-ասաց նա:
Հարցին, թե սահմանին տիրող իրավիճակի մասին ամբողջական տեղեկատվության տրամադրումը արդյո՞ք ավելորդ խուճապ չի առաջացնում հասարակության շրջանում, «Հրապարակի» խմբագիրը պատասխանեց. «Ընդհանրապես, տեղեկատվությունը, հատկապես 21-րդ դարում, այնպիսի բան է, որ հնարավոր չէ փակել կամ մասամբ ներկայացնել: Ի վերջո այն մի ճանապարհ գտնում է, եթե նույնիսկ ոչ լրատվամիջոցների միջոցով, ապա բերնեբերան է փոխանցվում, հատկապես որ փոքր երկիր ենք, սահմանի հետ կապերը սերտ են, Ղարաբաղում ունենք հարազատներ ու ընկերներ, բանակում ծառայողները ունեն հարազատներ, որոնց միջոցով տեղեկատվություն է տարածվում: Այնպես որ, թաքցնել կամ տեղեկատվությունը մասնակի տալ չի հաջողվի, պարզապես պետք է զգույշ լինել ու չվնասել երկրին, որպեսզի որոշակի պրոցեսներ չարագացնենք»,-ասաց նա:
Aravot.am լրատվական կայքի խմբագիր Աննա Իսրայելյանն էլ ընդգծեց, թե վերջին շաբաթվա իրադարձությունների պարագայում նախընտրելի կլիներ, որ առավելագույնս շատ լրատվամիջոցներ փորձեին անմիջապես դեպքի վայրից ռեպորտաժներ հաղորդել՝ սեփական թղթակիցների միջոցով, բայց ընդգծեց, որ շատ կարևոր է նաև փորձել չվնասել:
«Այս օրերին մեծ է ապատեղեկատվության քանակը՝ հատկապես ադրբեջանական կողմից եկող: Շատ կարևոր է այդ խայծերը կուլ չտալը: Առավելագույն զգուշություն է հարկավոր լրատվամիջոցների կողմից՝ խուճապ չտարածելու համար. առանց այդ էլ մարդիկ տագնապած են: Իհարկե, ԶԼՄ-ն միշտ պետք է փաստերը կրկնակի ստուգի, ունենա առնվազն երկու աղբյուր, բայց այս օրերին լրագրողների այբուբենային այս կանոնը առավել կարևոր է»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես է գնահատում վերջին իրադարձությունների ընթացքում ԶԼՄ-ի աշխատանքը, պատասխանեց. «Որոշ մանր-մունր կայքեր տեսան, որ ադրբեջանական կայքերից հեշտությամբ կարելի է վերցնել նյութեր ու թարգմանել տեղադրել… Թեև ես միշտ կարևորել եմ այն կողմի տեսակետը իմանալը, բայց այս օրերին բոլորի համար պետք է ակնհայտ լիներ, որ քարոզչական պատերազմը սաստկացել է և պետք էր ավելի զգույշ լինել: Բայց ընդհանուր առմամբ առանձնապես վատ չէր, փորձում էին առավելագույնս զգույշ լինել»,– ասաց նա:
Ըստ Աննա Իսրայելյանի՝ մի քիչ «չափն անցան այն կայքերը», որոնք Facebook սոցիալական կայքից ամեն մի գրառում պատճենում էին, որոնց մեջ հիմնավոր ու անհիմն մեղադրանքներ էին հնչում: «Ինձ համար մտահոգիչ էր ռազմատենչ պատերազմական տրամադրությունների հրահրումը: Քանի որ ես 1990-ականներին մի պատերազմ տեսած մարդ եմ, չափազանց վախենում եմ նաև ռազմաշունչ հռետորաբանությունից, որ ավելի շատ լեցուն էին Facebook-յան գրառումները, որոնք փոխառում էին որոշ կայքեր: Գուցե դա արդարացվում է մարտական ոգին բարձրացնելու տեսանկյունից, բայց նման գրառումներ պատճենողները մի քիչ լավ չեն պատկերացնում, թե այսպիսի էսկալացիան ուր կարող է հասցնել մեր երկիրը»,- ավելացրեց նա:










