Մենք դեռ չենք կարող ասել, որ ամբողջությամբ ավագ դպրոցների ցանցը կայացած է. ԿԳ փոխնախարար

12:35 • 05.08.14

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը գտնում է, որ դեռ շուտ է գնահատել, թե ավագ դպրոցները երեխաներին ինչ են տվել: ՀՀ ԿԳՆ նախաձեռնությամբ անցկացվող Համահայկական կրթական վեցերորդ խորհրդաժողովին նա ասաց, որ ավագ դպրոցների վերջնական ցանցը 2-3 տարի առաջ է ձևավորվել: 

«Մենք դեռ չենք կարող ասել, որ ամբողջությամբ ավագ դպրոցների ցանցը կայացած է, որովհետև դա շատ երիտասարդ բարեփոխում է»,-ասաց Կարինե Հարությունյանը: 

Ըստ նրա՝ ավագ դպրոցների շնորհիվ երեխաներն իրենց հետագա մասնագիտության հարցում ավելի հեշտ են կողմնորոշվում: 

Անդրադառնալով սահմանամերձ գյուղերում ուսուցմանը՝ պաշտոնյան ասաց, որ սահմանամերձ գյուղերի նկատմամբ կա հատուկ մոտեցում, և այնտեղի դպրոցները քսան տոկոս հավելավճար են ստանում:

Համաժողովին բարձրացվեց նաև Ջավախքի ուսուցիչների վերապատրաստման հարցը։ Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Նունե Վարդանյանն ասաց, որ Վրաստանի հետ կապված աշխատանքներում կան մեծ դժվարություններ և առանց Վրաստանի իշխանությունների թույլտվության նման ծրագրեր չեն կարող իրականացվել, թեև երկու տարի անընդմեջ վերապատրաստում իրականացվել է:

Ինչ վերաբերում է այն խնդրին, որ հայերեն լեզվով գրականություն Վրաստան տանելուց դժվարություններ են առաջանում, Կարինե Հարությունյանն ասաց. «Այդ հարցը բարձրացվել է, և այսօր պատրաստ չենք ասելու, թե ինչ լուծում կստանա: Պետական բանակցությունների ժամանակ այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է լինելու»:
 

Մենք դեռ չենք կարող ասել, որ ամբողջությամբ ավագ դպրոցների ցանցը կայացած է. ԿԳ փոխնախարար