ԼՂՀ-ի համար հետաքրքիր է բանակցային գործընթացում նոր մեխանիզմներ, գաղափարներ ներդնելու՝ ԵԱՀԿ ԽՎ–ի ներկայացուցչի առաջարկը
Tert.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշի հայտարարությանը, որ ԵԱՀԿ-ն պետք է նորովի մոտենա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին և նոր գաղափարներ ու մեխանիզմներ առաջարկի, այն որակեց որպես հետաքրքիր առաջարկ: Ըստ Դավիթ Բաբայանի՝ նոր մոտեցումներն առաջին հերթին պետք է լինեն «հին», այսինքն՝ այն, որ Ստեփանակերտը՝ որպես լիարժեք, անդամ վերադառնա բանակցային սեղան:
-ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը երեկ հայտարարել է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ-ն պետք է նորովի մոտենա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին և նոր գաղափարներ ու մեխանիզմներ առաջարկի: Ի՞նչ կարծիքի է այս մասին Ստեփանակերտը:
-Հետաքրքիրը առաջարկ է: Սպասենք, տեսնենք՝ ինչ նոր լուծումներ են առաջարկում, կարծում եմ, որ ժամանակն է, որ, իրոք, նոր մոտեցումներ լինեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից վարվող այդ ապակառուցողական քաղաքականությունը: Կարծում եմ, որ նոր մոտեցումները պետք է լինեն դեպի հին՝ փորձարկված և իրենց արդարացված մեթոդները, այսինքն՝ լիարժեք ձևաչափի վերականգնումը՝ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ: Այն է՝ բոլոր փուլերում, ոչ թե ինչ-որ մի պահի միացումը, ու, այնուհետև, ինչ-ինչ պատճառներով դուրս մղումը:
-Այսինքն՝ Ստեփանակերտն առաջին հերթին ակնկալում է խմբի ձևաչափի մեջ նոր մոտեցո՞ւմ:
-Կրկնում եմ՝ ֆորմատի մեջ նոր մոտեցումը կլինի վերադարձ հնին: Ուրիշ կերպ չի կարող։
– Սա ի՞նչ է ենթադրում՝ գաղափարները, փաստաթղթերը, որ այսքան ժամանակ դրված են եղել բանակցային սեղանին, ջնջվի՞ և ամեն ինչ սկսվի զրոյի՞ց:
- Մենք երբեք չենք ասել, որ այն, ինչ քննարկվել է, դրա բոլոր կետերը պիտի անվավեր ճանաչվեն և դրանց երբեք վերադարձ չկատարվի: Մինչ այժմ՝ սկսած 1994 թվականից քննարկված բոլոր նախագծերում կա այն միտքը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այսինքն՝ ոչ բոլոր էլեմենտներն են, որ վերանայման կարիք ունեն:
-Բայց Մադրիդյան սկզբունքները պե՞տք է մի կողմ դրվեն:
- Էլի եմ ասում՝ Մադրիդյան սկզբունքներում կան կետեր, որոնք չպետք է վերանայվեն: Օրինակ՝ խաղաղ կարգավորման մասին դրույթները: Կամ այն մոտեցումը , որ «կարգավորված չէ ոչինչ, եթե կարգավորված չէ ամեն ինչ»: Այսինքն՝ կան էլեմենտներ, որոնք միշտ էլ պետք է պահպանվեն, ուրիշ բան, որ կան մոտեցումներ, որոնք պրակտիկայում ցույց են տվել իրենց անիրատեսական լինելը: Օրինակ՝ Ադրբեջանի կողմից տարվող այն գիծը, որ պետք է վերադարձ կատարվի սահմանների կամ կարգավիճակի առումով 1988, 1991թ. Ղարաբաղի կարգավիճակին: Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ Արցախի կարգավիճակում չի կարող վերադարձ լինել անցյալին, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էլ չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ ինքնավար ինչ-որ մի մարզ: Դա անհնարին է: Նույնը՝ սահմանների առումով: Եվ այս նրբությունները հաշվի առնելով՝ մենք կարող ենք նոր ինչ-որ մի ոգի հաղորդել այդ բանակցային գործընթացին:
-Իսկ ԵԱՀԿ համանախագահների արձագանքը ինչպիսին կարող է լինել՝ դատելով իրենց սոցցանցերում արված գրառումներում մինչ այժմ հնչեցրած առաջարկներից:
- Պետք է սպասենք, տեսնենք, ժամանակը ցույց կտա: Եթե լինեն այսպես ասած՝ ողջամիտ առաջարկներ բոլոր կողմերից, ապա կարծում եմ՝ համանախագաները նույնպես սիրով կընդունեն դրանք:
-Իսկ այս առաջարկի հնչեցումը, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ինչ-որ տեղ գիտակցումից չէ, որ Մինսկի խումբն իրեն սպառել է:
- Խնդիրը Մինսկի խմբի մեջ չէ, այն արդյունավետորեն իրականացնում է իր աշխատանքը, խնդիրն Ադրբեջանն է: Եթե Մինսկի խմբի տեղը լիներ ասենք լիսաբոնյան խումբ կամ՝ դյուսելդորֆյան, Ադրբեջանը, ի՞նչ է, այլ մոտեցումնե՞ր էր ցուցաբերելու: Խնդիրը կողմերից մեկի ապակառուցողական քաղաքականությունն է:
- Իլհամ Ալիև-Սերժ Սարգսյան հնարավոր հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունի Ստեփանակերտը: Մասնավորապես, կլինի՞ սահմանին իրավիճակի լիցքաթափում:
-Ցանկացած բանակցություն կարևոր է՝ կայունությունն ու խաղաղությունը պահպանելու, տեսանկյունից, բայց մենք չպիտի նման հանդիպումներից ակնկալենք վերջնական կարգավորում:
- Խոսքը վերջին շրջանում սահմանին իրավիճակի լիցքաթափման մասին է:
-Կարծում եմ, որ վերջին շրջանի լարվածությունը և նրա թուլացումը նույնպես կլինեն այդ հանդիպման կարևորագույն թեմաներից մեկը:
- Պարո՛ն Բաբայան, Արցախից կամավորներ են մեկնում առաջին գիծ, ինչ ընդհանուր տրամադրություն է և արդյո՞ք այդ իրավիճակը ընկալվում է որպես արտակարգ իրավիճակ ու փուլ:
-Ազատամարտի վետերանները մեկնել են առաջին գիծ՝ այնտեղ այսպես ասած՝ բարոյական և ոչ միայն՝ բարոյական աջակցություն ցուցաբերելու զինծառայողներին: Սա ավելի շուտ կարելի է համարել իրոք բարոյական մի կարևոր քայլ է, բայց իրավիճակը հանգիստ է, որևէ զարգացումներ կամ զգացմունքներ չկան:










