Ֆորշը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը, Լևոն Թոքմաջյանը և այլոք կմիանան ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթին
Օգոստոսի 7-ին ժամը 12:00-ին նախատեսվում է երթ` ի պաշտպանություն գործարար Լևոն Հայրապետյանի։
Այս կապակցությամբ «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբի տարածած հաղորդագրությունում ասվում է. «Նախքան երթը, Տեր Հակոբն իր աստվածային օրհնանքը կասի երթին, բոլորս միասին կաղոթենք Լևոն Հայրապետյանի առողջության և նրա գործի արդար քննության համար ու կշարժվենք նախատեսված ուղղով:
Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետև կշարունակվի դեպի ՀՀ Նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն:
Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության Նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին:
Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթին պատրաստակամություն են հայտնել միանալու հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, սցենարիստ Արմեն Վաթյանը, երգիչ Ֆորշը, դերասան Հրանտ Թոխատյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, դերասան Միքայել Պողոսյանը, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը»։
Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ արցախցի գործարար Լևոն Հայրապետյանին։










