Սաուդյան Արաբիայում հաղորդավարուհին եթեր է դուրս եկել առանց գլխաշորի (տեսանյութ)

17:30 • 06.08.14

Al Ekhbariya հեռուստաընկերության լուրերի հաղորդավարուհին եթեր է դուրս եկել առանց գլխաշորի՝ դրանով սկանդալ հրահրելով Սաուդյան Արաբիայում, հայտնում է Lenta.ru-ն:


Թագավորությունում սա առաջին դեպքն է, երբ նորությունների հաղորդավարն իրեն նման բան է թույլ տվել, հայտնում է GulfNews-ը:

 

Եթերից հետո հեռուստաալիքը վրդովված հեռուստադիտողներից բազմաթիվ բողոքներ է ստացել: Սոցիալական ցանցերում շատ օգտատերեր քննադատել են հաղորդավարուհուն՝ ասելով, որ նա խախտել է «շարիաթի օրենքները»:

 

«Հաղորդավարուհին իրականում նորությունները ներկայացրել է Մեծ Բրիտանիայում գտնվող ստուդիայից: Մենք թույլ չենք տա մեր արժեքների ոտնահարում»,- կատարվածը մեկնաբանել է սաուդյան հեռուստառադիոընկերության մամուլի քարտուղար Սալեհ ալ Մուղալիֆը:

 

Սաուդյան Արաբիայում կանանց համար խիստ «դրես-կոդ» է սահմանված՝ հասարակության մեջ նրանք պետք է լինեն այնպիսի հագուստով, որը կծածկի իրենց մարմինն ու գլուխը:

 

Թագավորությունում կանանց նաև արգելված է մեքենա վարել, իսկ նրանց, ում կհամարեն Աստծուն անարգող, հավատն ուրացող, կախարդ կամ ամուսնության մեջ դավաճան՝ կարող են ծեծել ճիպոտներով, կախաղան հանել և նույնիսկ գլխատել: Այս պահելաձևի նորմերին հետևում է այսպես կոչված «բարոյականության ոստիկանությունը»:

 

Վերջին ժամանակներում սաուդյան հասարակությունը քննարկում է՝ արդյոք կանանց պետք է տալ ավելի շատ իրավունքներ: Թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզի հրամանով իր խորհրդակցական խմբի կազմում ներառվել է 30 կին:

 

Մի երկրի համար, որի պետական գաղափարախոսությունը վահաբիզմն է, սա աննախադեպ իրադարձություն է: