Փորձագետները խնդրում են Դոնեցկի բնակիչներին վերադարձնել կործանված Boeing-ի ուղևորների անձնական իրերը

17:49 • 06.08.14

Դոնեցկի շրջանում մալայզիական Boeing 777 ինքնաթիռի կործանման հետաքննությամբ զբաղվող միջազգային մասնագետները կոչ են արել տեղի բնակիչներին վերադարձնել գտած իրերը: Այդ մասին հայտնել է ավիավթարի պատճառների հետաքննությամբ զբաղվող Նիդեռլանդների որոնողական առաքելության ղեկավար Պիտեր Յապ Ալբերսբերգը, գրում է korrespondent.net-ը:

 

«Այսօր մենք խնդրել ենք տեղի բնակիչներին օգնել մեզ: Մենք թռուցիկներ ենք բաժանել և խնդրել մարդկանց բերել զոհերի անձնական իրերը, որոնք նրանք կարող են գտած լինել: Մենք դրանք կվերադարձնենք զոհերի ընտանիքներին»,- ասել է նա:

 

Պիտեր Յապ Ալբերսբերգը նաև հայտնել է, որ առաքելությունը, որում ընդգրկված են դատական փորձագետներ և  ոստիկաններ, աշխատում է աղետի վայրում արդեն մեկ շաբաթ:

 

Նիդեռլանդների ներկայացուցիչն ընդգծել է, որ իրերը վերադարձնելը կործանված ինքնաթիռի զոհերի բարեկամների համար ամենակարևոր հարցն է: