Եթե անգամ ՌԴ-ն փակի իր օդային տարածքը Եվրոպայից Ասիա թռչող ինքնաթիռների համար, դա մեզ վրա չի անդրադառնա. Հ. Միրզոյան

20:56 • 06.08.14

Ռուսաստանի կողմից Արևմուտքի պատժամիջոցներին հնարավոր պատասխանի դեպքում հայաստանյան «Էյր Արմենիա» ընկերությունը խնդիրներ չի ունենա, իսկ արտասահմանյան այլ ընկերություններ էլ իրենք պետք է որոշեն՝ թռիչքներ իրականացնելիս ինչ օդային տարածք են ընտրելու: Ոչ բոլոր օդային ուղիներն են անցնում Ռուսաստանի օդային տարածքով, ու եթե նույնիսկ՝ անցնում էլ են, դա շատ փոքր հատված է, որը շրջանցելը բոլորովին բարդ չէ:

 

Այս մասին Tert.am –ին հայտնեց Կառավարությանն առնընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Հրանտ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ռուս պաշտոնյաները քննարկում են Ռուսաստանի տարածքով Եվրոպայից Ասիա եվրոպական ավիաընկերությունների տարանցիկ թռիչքները սահմանափակելու կամ ընդհանրապես արգելելու հնարավորությունը:

 

«Հայաստանից օդային թռիչքներ իրականացնում է միայն հայկական «Էյր Արմենիան», օրինակ՝ Երևան-Մոսկվա-Երևան թռիչքը կարող է կատարել միայն հայկական ավիափոխադրողը, ռուսական ավիափոխադրողը կատարում է Մոսկվա-Երևան –Մոսկվա թռիչքը: Այսինքն՝ Հայաստանի ավիաընկերությունը որևէ խնդիր չունի, մեր պետությունը որևէ պետության հետ խնդիր չունի, և եթե նման որոշում ընդունվի էլ, որը ես համարում եմ անիրատեսական, ապա մեր ավիափոխադրողը իր թռիչքները կկատարի դեպի ռուսական երկինք ռուսական շուկա: Իսկ եթե Ձեզ հետաքրքրում է, թե ինչ կլինի օրինակ՝ «Էյր Ֆրանսի» կամ «Չեխական ավիուղիների»՝ Հայաստան գալուց հետո թռիչքների դեպքում, ապա տվյալ երթուղին և դրա համար տվյալ օդային տարածքի ընտրությունը կատարվում է միմիայն տվյալ ավիաընկերության կողմից: Ոչ բոլոր օդային ուղիներն են անցնում Ռուսաստանի օդային տարածքով, ու եթե նույնիսկ՝ անցնում էլ են, շատ փոքր հատվածն է անցնում, որը շրջանցելը բոլորովին բարդ չէ: Այսինքն՝ միանշանակ է, որ կան այլընտրանքներ»,-ասաց Հրանտ Միրզոյանը և հիշեցրեց, որ օրինակ՝ երբ տարիներ առաջ իռլանդական հրաբխի ժայթքման պատճառով Եվրոպայի կեսի երկինքը փակ էր, օդանավերը այլընտրանքային ճանապարհներով էին թռչում:


Հիշեցնենք, որ ռուսական «Ведомости»-ն, վկայակոչելով եվրոպական խոշոր ավիափոխադրողների գործընկերներից մեկին և քննարկման մասնակիցներին մոտ բարձրաստիճան դաշնային պաշտոնյայի, տեղեկացրել էր, որ ռուս պաշտոնյաները քննարկում են եվրոպական ավիաընկերությունների՝ Ռուսաստանի տարածքով Եվրոպայից Ասիա տարանցիկ թռիչքները սահմանափակելու կամ ընդհանրապես արգելելու հնարավորությունը:

 


Որոշումը պետք է կայացնի Կառավարությունը, այժմ խորհրդակցություններ են ընթանում տրանսպորտի և կապի, արտաքին գործերի նախարարությունների մակարդակով, սակայն այնպիսի ավիահսկա, ինչպիսին Lufthansa-ն է, անհանգստացած է հնարավոր կորուստներով, որոնք պատժամիջոցների երեք ամսվա ընթացքում գնահատվում են ավելի քան 1 միլիարդ եվրո:

 

Tert.am –ն այս թեմայով զրուցեց նաև «Վիզա կոնկորդ» , «Արենի» տուրիստական գործակալությունների հետ: Նրանք հայտնեցին, որ վաղաժամ է նման մտահագությունների մասին մտածելն ու խոսելը: