ՀԱՊԿ-ի աջակցության կարիքը չկա. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն այն իրավիճակը չէ, որպեսզի Հայաստանը դիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աջակցությանը։
«ՀԱՊԿ-ի աջակցություն կարող է լինել այն ժամանակ, երբ լայնամասշտաբ գործողություններ ստեղծվեն, և մենք վտանգ զգանք Հայաստանի անվտանգության ապահովման համար։ Բայց այսօրվա իրավիճակում Ադրբեջանի հետ հարաբերություններում որևիցե խնդիր չունենք»,-ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ ՀԱՊԿ-ի գործընկերների հետ շփումներ լինում են իր և Գլխավոր շտաբի պետի կողմից, և նրանք բոլորն էլ արտահայտում են իրենց մտահոգությունը ստեղծված իրավիճակի ուղղությամբ, բարոյական աջակցություն են արտահայտում և փորձում են ազդել և Հայաստանի, և հակառակ կողմի վրա, որպեսզի ներկա լարվածությունն իջեցնեն։
Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակի ճիշտ գնահատմանը և նաև դատապարտմանը, Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ դատապարտումը, հատկապես այն կողմի, որը խախտում է իրականացնում, վերաբերում է ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլ նաև միջազգային բոլոր կառույցներին։ Ըստ նախարարի՝ բոլորը պետք է սթափ գնահատեն այս իրավիճակը և դատապարտեն Ադրբեջանին։










