Պորոշենկոյի՝ խնձորով լուսանկարն ակտիվացրել է համացանցը
Տեղեկատվական տարածքում մեծ աղմուկ է բարձրացրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի լուսնակարը, որտեղ նրա ձեռքում խնձոր կա: Ինչպես տեղեկացնում է newsru.com-ը՝ լուսանկարը տեղադրվել է նախագահի ֆեյսբուքյան էջում:
Դրա մեկնաբանության մեջ Պորոշենկոն գրել է.«Երեկ հանդիպեցի իմ բարի ընկերոջ՝ Պավել Կովալի հետ»:
Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Պավել Կովալն ի պատասխան շնորհակալություն է հայտնել Պորոշենկոյին՝ աջակցության համար:
Լեհական սոցցանցերում #jedzjablka և #eatapples հեշթեգերով արշավ է սկսվել այն բանից հետո, երբ Ռուսաստանն արգելել է Լեհաստանից մրգերի և բանջարեղենի մուտքը երկիր: Նրա աշխատակազմը Twitter-ում հաղորդել է, որ այդ կերպ ուկրաինացի առաջնորդը աջակցություն է հայտնել Jedz Jablka NaZlosc Putinowi («Խնձո՛ր կերեք՝ հակառակ Պուտինի») ակցիային:
Նախագահի աշխատակազմի գրառումը լայն տարածում է գտել ուկրաինական, լեհական և ռուսական ցանցային լրատվամիջոցներում, սակայն լեհական ակցիայի կողմնակիցների հիացմունքը կարճ է տևել: Որոշ ժամանակ անց այդ տեղեկությունն անհետացել է Պորոշենկոյի աշխատակազմի էջից:










