Ռուսաստանում արտասահմանյան համարներով վարորդներին կստիպեն մաքսային փաստաթղթեր ներկայացնել
Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոններում տեղ գտած փոփոխությունները, որոնք պարտավորեցնում են երկրի տարածքում արտասահմանյան համարներով վարորդներին միշտ իրենց մոտ ունենալ ավտոմեքենայի մաքսային փաստաթղթեր, ուժի մեջ կմտնեն օգոստոսի 12-ից, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կայքին:
Խոսքը Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի մասին է (համապատասխան նշումներով, որոնք հաստատում են ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծումը):
«2014 թվականի օգոստոսի 12-ից պետավտոտեսչության աշխատակիցների կողմից միջազգային երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցների կանգնեցվելու դեպքում դրանց վարորդների մոտ, բացի գրանցման փաստաթղթերից և վարորդական վկայականներից, կստուգվի նաև Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված համապատասխան փաստաթղթերի առկայությունը, այդ թվում՝ մաքսային մարմինների հետ համագործակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը հիշեցրել է, որ արտասահմանցիներն իրավունք ունեն Մաքսային միության տարածք ներմուծել այլ պետություններում գրանցված մեքենաներ անձնական օգտագործման համար և ազատ լինել մաքսատուրքեր վճարելուց մինչև մեկ տարի ժամկետով:










