Ադրբեջանը չի գիտակցում, որ այսօր մեր ԶՈՒ-ն համալրված է հաղթանակած բանակի հրամանատարներով. Սեյրան Օհանյան

10:59 • 06.08.14

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հրավիրված ասուլիսը սկսեց ցավակցական ուղերձով՝ ուղղված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից նախաձեռնած դիվերսիաների արդյունքում զոհված զինվորների ծնողներին և հարազատներին:


«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ զոհված զինվորների ծնողներին և հարազատներին: Յուրաքանչյուր զինծառայող բանակի ղեկավարության որդին է, մեր կրտսեր եղբայրը»,- ասաց նախարարը և հերթով հիշեց նրանց անունները՝ Զորիկ Գևորգյան, Արարատ Խանոյան, Ազատ Ասոյան, Գոռ Գրիգորյան, Սարգիս Մովսիսյան, Արամ Գրիգորյան, Խաչատուր Բադասյան:


Նախարարի խոսքով՝ այսօրվա հանդիպումն անցնում է հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի համար լարված իրավիճակում: Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական դիրքեր ներթափանցելու փորձերը: «Նրանք չեն գիտակցում, որ այսօր մեր Զինված ուժերը համալրված են հաղթանակած բանակի հրամանատարներով, ովքեր իրենց փորձն են փոխանցում նոր սերնդին»,- ասաց նա և ավելացրեց, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ ստորաբաժանումները կանխել են հակառակորդի 20-ից ավել դիվերսիաներ. «Բնականաբար, նաև անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով մենք չենք կարող բացահայտել այն բոլոր գործողությունները, որոնք կիրառվում են սահմանին»:


Կրկին դառնալով զոհված զինվորներին՝ Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ այն զինվորներն ու սպաները, ովքեր զոհվեցին հանուն հայրենիքի, մեր փառապանծ հերոսներն են: Եվ նրանց ծառայության շնորհիվ է, որ հայկական կողմը ոչ մի քայլ նահանջ չունեցավ դիրքերից:


Նախարարը նաև ցավով նշեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի գնահատում զինվորի արժեքը, և երկու կողմերի թափված արյունն ընկած է Ադրբեջանի ռազմական ղեկավարության խղճի վրա: Մշտապես կեղծելով իրավիճակը, իրենց բանակը ներկայացնելով անպարտելի՝ նրանք հայտնվեցին փակուղային իրավիճակում, և Ադրբեջանն իր իսկ ստի զոհը դարձավ:


«Այսօր ես հպարտ եմ ՀՀ Զինված ուժերով, հպարտ եմ, որ այդ պատասխանատվությունն իմ վրա է դրված, այդ զգացումն ինձ տվել են այն բոլոր շարքայիններն ու սպաները, ովքեր գիտակցում են իրենց առջև դրված խնդիրը: Եվ ոչ մի շքանշան, ոչ մի պատվավոր նշան չի կարող փոխարինել նրան, որը մեզ փոխանցում է մեր թիկունքին կանգնած մեր ժողովուրդը»,-ասաց Սեյրան Օհանյանը: