ԱՄՆ-ի իշխանությունները փնտրում են «նոր Սնոուդենին», ով հատուկ ծառայությունների տվյալները փոխանցել է ԶԼՄ-ներին

09:24 • 06.08.14

ԱՄՆ-ի իշխանությունները եկել են այն եզրահանգման, որ երկրի ազգային անվտանգության ոլորտում գաղտնի տեղեկությունների արտահոսքի նոր աղբյուր է հայտնվել, որն արդեն ԶԼՄ-ներին է փոխանցել հատուկ ծառայություններին վերաբերող փաստաթղթեր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

CNN-ը հղում է անում վարչակազմի անանուն ներկայացուցիչներին, որոնք հայտարարել են, որ ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի գաղտնի փաստաթղթերը փոխանցվել են The Intercept էլեկտրոնային պարբերականին։

 

Ավելի ուշ The Intercept-ում հրապարակվել է հոդված, որում պատմվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախագահության տարիներին ահաբեկչության մեջ կասկածվող անձանց տվյալների բազայի ընդլայնման մասին։

 

Հիշեցնենք, որ անցյալ տարի լրատվամիջոցներին ԱՄՆ հատուկ ծառայությունների ապօրինի գործունեության մասին տվյալներ էր փոխանցել հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։ Նա այժմ Ռուսաստանում է։