Ադրբեջանը համոզվեց, որ Հայոց բանակն ավելի մարտունակ է, քան իրենք էին պատկերացնում. Վահան Շիրխանյան

16:05 • 06.08.14

ՀՀ պաշտպանության նախկին փոխժախարար Վահան Շիրխանյանը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսումը շատ քիչ հավանական է մի քանի պատճառներով, իսկ ամենավերջին պատճառն այն է, որ վերջին օրերին Ադրբեջանը համոզվեց, որ Հայոց բանակը շատ ավելի մարտունակ է, քան իրենք պատկերացնում էին։


«Իսկ սկսելու դեպքում կարծում եմ, որ Ադրբեջանի բանակում կան գրագետ սպաներ, որոնք կարող են հաշվարկ կատարել, և դա պետք է որ իրենց ցույց տա, որ պատերազմում Ադրբեջանն ավելի մեծ շանսեր ունի նորից պարտվելու, քան հաղթելու, և դրա հիմքերը շատ են»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա և ավելացրեց. «Բանակը հաղթում է, երբ կա մարտական ոգի, զենքը երկրորդական է, և դա ադրբեջանական բանակում, ինչպես տեսանք վերջին դեպքերի ժամանակ, գոյություն չունի։ Իսկ մեր զինվորի հոգեբանության մեջ մտած է, որ ինքը հաղթող կողմն է»։


Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, պաշտպանության նախկին փոխնախարարը կարծում է, որ սահմանում ադրբեջանական կողմի ակտիվության պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Ադրբեջանը ցանկանում է Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը կենտրոնացնել խնդրի վրա։ «Ադրբեջանը փորձում է ստիպել Մինսկի խմբին, որպեսզի նրանք ավելի արագ ադրբեջանանպաստ լուծումներ գտնեն խնդրի համար: Հաջորդը՝ ապակայունացնել վիճակը Հայաստանում և ստեղծել խոչընդոտներ Մաքսային միություն մտնելու համար։ Եվ վերջինը, որ շատ քիչ հավանականն է, դա Ադրբեջանի կողմնորոշումն է դեպի հյուսիս»,-թվարկեց նա։


Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետին, թե հայկական կողմը Ադրբեջանին համարժեք պատասխան չի տալիս` Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Գուցե առաջին նախագահը համարժեք պատասխան ասելով նկատի ունի, որ ևս մի երկու շրջան պետք է վերցնել: Իսկ տակտիկական առումով, այս պահին կարծում եմ, Հայաստանի զինված ուժերի պատասխանը եղել է համարժեք»։


Նախկին փոխնախարարը նաև կարծիք հայտնեց, թե շատ ճիշտ կլիներ, որ օգոստոսի 8-9-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը մասնակցեր նաև Լեռնային Ղարաբաղը, քանի որ այն ևս ունի քաղաքական կուրս։


Ինչ վերաբերում է սահմանային անվտանգությանը, նա ասաց, որ սահմանն այսօր պետք է վերահսկվի էլեկտրոնային սարքերի միջոցով, ինչը պետք է նախաձեռնի ՊՆ-ն, դա անհրաժեշտ է այսօր զինվորների կյանքի, սահմանի անվտանգության համար։