ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել ԼՂ-ի և Հայաստանի դեմ ագրեսիան
ԱՄՆ Կոնգրեսի և Դեմոկրատական կուսակցության անդամ Ադամ Շիֆը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ագրեսիան և վերականգնել հրադադարը: Այդ մասին կոնգրեսականը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան պետք է դադարեցվի, հրադադարը պետք է վերականգնվի, և պետք է կրկնապատկել խաղաղությանն ուղղված ջանքերը: Բաքվի ագրեսիվ պահվածքը պետք է դատապարտվի»,- գրել է Ադամ Շիֆը Twitter-ի իր էջում:
Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք կանխվել են ԼՂՀ ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից:










