Հաքերները ստացել են ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության աշխատակիցների անձնական տվյալները

09:36 • 07.08.14

Ամերիկյան US Investigations Services ընկերությունը, որը մասնագիտացած է պետական կառույցներում աշխատանքի համար թեկնածուների կենսագրական տվյալների ուսումնասիրության ուղղությամբ, դարձել է կիբերհարձակման զոհ: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել են ընկերության ներկայացուցիչները, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ հաքերներին, հավանաբար, հաջողվել է ձեռք բերել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության աշխատակիցներին վերաբերող տեղեկություններ: Այդ առնչությամբ արդեն հետաքննություն է սկսվել: Ինչպես նշել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Բուգարդը, «տարբեր գործակալություններից կիբերմասնագետների թիմն աշխատում է ընկերության հետ՝ ներխուժման մասշտաբները պարզելու համար»:

 

Նրա խոսքով՝ նախարարության աշխատակիցներին խորհուրդ է տրվել ուշադիր հետևել իրենց բանկային հաշիվներին:

 

US Investigations Services-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ «մասնագետների կարծիքով՝ կիբերհարձակումն իրականացվել է մեկ այլ երկրի կառավարության աջակցությամբ»: Թե որ երկրի մասին է խոսքը, չի հստակեցվում:

Հաքերները ստացել են ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության աշխատակիցների անձնական տվյալները