«Դու´րս մեր գրպանից» նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ավտոերթերը
«Դու´րս մեր գրպանից» նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ավտոերթերը՝ հաշվի առնելով ՀՀ սահմաններին տիրող իրավիճակը: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պայքարը շարունակվելու է իրավական դաշտում վարորդներին եկած տուգանքները բողոքարկելու միջոցով:
«Մեր շարժմանը հասարակական հիմունքներով ներգրավված են իրավաբաններ, որոնք ՃՈ կողմից վարչական իրավախախտման համար տուգանված քաղաքացիներին օգնում են հայցադիմումներ կազմել հետագայում բողոքարկել դրանք ՀՀ վարչական դատարանում:
Իրավաբանների և ՄԻՊ-ի գրասենյակի մասնագետների հետ շարունակաբար քննարկվում է կարմիր գծերի իրավաչափությունը Սահմանադրական դատարանում այն վիճարկելու համար: ՃՈ օրենքում վերջին փոփոխությունների ներդրման և կիրառման հետ կապված «Դու´րս մեր գրպանից» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ Կառավարությանը՝ կատարել մարդասիրական քայլ, գնալ ընդառաջ քաղաքացիներին և մինչև ս.թ. հուլիսի 26-ը ՃՈ վարչական իրավախախտումների մասին որոշումներով հաստատված տուգանքների և դրանց վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում:
Այդ դեպքում նախաձեռնությունը կդադարեցնի բողոքի և անհնազանդության ակցիաները, հակառակ դեպքում ՀՀ սահմաններին իրավիճակի կայունացման պահից անմիջապես հետո նոր թափով կվերսկսվեն տարատեսակ բողոքի և անհնազանդության ակցիաները»,-նշված է հաղորդագրության մեջ:










